Քշիշտոֆ Պենդերեցկին Հայաստանում մասնակցելու է Երիտասարդական նվագախմբի հոբելյանական համերգին
Մշակույթ
13:38 14/01/2016
Հայաստան

Քշիշտոֆ Պենդերեցկին Հայաստանում մասնակցելու է Երիտասարդական նվագախմբի հոբելյանական համերգին

Լեհ աշխարհահռչակ  կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին  գալու է Հայաստան՝ մասնակցելու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյակին նվիրված համերգին, որը կայանալու է հունվարի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

«Համերգին մասնակցելու են փայլուն արտիստներ՝ Նարեկ Հախնազարյանը, Ալեքսանդր Ռոմանովսկին, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և այլ հայ ու արտասահմանցի հայտնի երաժիշտներ»,- նշեց նա:

Համերգի ընթացքում հնչելու է նաև Քշիշտոֆ Պենդերեցկու ստեղծագործուններից, որի ընթացքում հենց նա է ղեկավարելու նվագախումբը:

«Կարևորում եմ, որ մեր Հայաստանում ունենք տասը տարեկան կոլեկտիվ, որը դեռ շատ անելիքներ ունի, բայց այս տասը տարվա ընթացքում էլ բավականին ակտիվ գործունեություն է ծավալել»,- նշեց Ս.Սմբատյանը:

Նա նաև ասաց, որ համերգի ընթացքում  լինելու է  նվագախմբի անվանափոխության հետ կապված նորություն. «Ցանկություն կա, հետաքրքիր միտք կա: Պետք է ներկայացնենք նվագախմբի արդեն նոր տեսլականի կողքը ձևավորած մի նոր անվանում»:

Ս.Սմբատյանը հիշեցրեց, որ 2006 թվականի հունվարի 25-ին կայացել է նվագախմբի առաջին համերգը:

Placeholder