ԼՂՀ ԱՆ. Դպրոցների և մանկապարտեզների աշխատանքները  դադարեցնելու անհրաժեշտություն չկա
Տարածաշրջան
16:47 15/01/2016
ԼՂՀ

ԼՂՀ ԱՆ. Դպրոցների և մանկապարտեզների աշխատանքները դադարեցնելու անհրաժեշտություն չկա

ԼՂՀ առողջապահության նախարարության ենթակայության բժշկական հաստատություններում վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությամբ ներկայումս ստացիոնար բուժում են ստանում 82 հիվանդներ, որոնցից 38 երեխա: ԼՂՀ առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն, հիվանդներից 47-ի մոտ ախտորոշված է թոքաբորբ, այդ թվում 13-ը երեխաներ: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Վերակենդանացման բաժանմունքում բուժում է ստանում մեկ հիվանդ, բժիշկները նրա վիճակը միջին ծանրության են գնահատում:

 «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների աշխատանքները այսօրվա դրությամբ դադարեցնելու անհրաժեշտություն չկա»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

ԼՂՀ առողջապահության նախարարությունը շարունակում է կանխարգելիչ և բուժական աշխատանքները, ինչի շնորհիվ այսօր հանրապետությունում պահպանվում է կայուն իրավիճակ:

  «Վերջին շաբաթվա ընթացքում ամբուլատոր, տնային և շտապ օգնության կանչերի թիվը չի աճել:
Հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ դեղամիջոցներով և բժշկական պարագաներով:
   
  Մեկ անգամ ևս տեղեկացնում ենք, որ հոսպիտալացվածները ստացիոնար բուժումը ստանում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում»,-ասված է ԼՂՀ ԱՆ հաղորդագրության մեջ:

   Առաջիկա ոչ աշխատանքային օրերին ևս բժշկական հաստատությունները կշարունակեն հերթապահությունները` ամբուլատոր հիվանդների բուժսպասարկման համար:

  Նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին հետագա բարդություններից խուսափելու նպատակով հիվանդության առաջին իսկ նշաններն ի հայտ գալուն պես դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, հագնվել եղանակին համահունչ, հնարավորության սահմաններում նվազեցնել շփումները հատկապես գրիպանման երևույթներով հիվանդների հետ, պահպանել հիգիենայի կանոնները:

Placeholder
ԼՂՀ ԱՆ. Դպրոցների և մանկապարտեզների աշխատանքները դադարեցնելու անհրաժեշտություն չկա