Ոչնչացնել կամ մասամբ ապամոնտաժել մեր ստրատեգիկ օդանավակայանը, անմտություն է. Ճարտարապետ
Մշակույթ
14:10 15/01/2016
Հայաստան

Ոչնչացնել կամ մասամբ ապամոնտաժել մեր ստրատեգիկ օդանավակայանը, անմտություն է. Ճարտարապետ

«Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքը վթարային վիճակում չէ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:

Նա նշեց, որ մասնագիտական առումով քննություն են կատարել և պարզել, որ շենքը ոչ միայն վթարային չէ, այլ նաև համապատասխանում է այսօրվա նորմատիվային դաշտին, որտեղ սահմանված նորմերն ավելի ուժեղացված են:

«Շենքը ուժեղացման կարիք  գործնականում չունի»,- ընդգծեց ճարտարապետը:

Ս.Քալաշյանի խոսքով, շենքը քանդելու որևէ անհրաժեշտություն չկա, կարելի է օգտագործել բոլոր առումներով:

«Մենք ուզում էինք հանդիպել կոնցեսիոների ճարտարապետների հետ, որպեսզի քննարկեինք հարցը, սակայն մեզ այդ հնարավորությունը չտրվեց, նրանք հրաժարվում էին»,-ասաց ճարտարապետը:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով,  թեև կայացվել է էստակադայի ապամոնտաժման որոշում, սակայն փորձը ցույց է տալիս, եթե մի մասը քանդում են, շարունակական բնույթ է կրում և հետո կանգնում են փաստի առաջ, ինչպես մինչ այժմ: Բացի այդ, ըստ նրա, շենքն ընկալվում է որպես ճարտարապետական մի ամբողջ կառույց և չպետք է մասնատել այն:

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն ասաց, որ չպետք է թույլ տրվի ապամոնտաժման որևէ քայլ կատարել:

«Այս օդանավակայանը, այս շենքը մեր երաշխիքն է: Գոյություն ունեցող նոր օդանավակայանը բիզնես ծրագիր է, մասնավոր սեփականություն է, որը ցանկացած րոպեի կարելի է վերավաճառել, դադարեցնել իր գործունեությունը: Այս պարագայում ոչնչացնել կամ մասամբ ապամոնտաժել մեր ստրատեգիկ օդանավակայանը, որը ժամանակին կառուցվել էր որպես ստրատեգիական օբյեկտ Հայաստանի համար, հանցավորություն է, անմտություն, անհեռանկար քայլ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանից նախօրեին տեղեկացրեցին, որ սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թիվ 1 համալիրի կառույցների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատման վերաբերյալ տրված հաշվետվությունը, ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տրվել է հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թիվ 01/18-Ե-1157-82 թույլտվությունը: Երևանի քաղաքապետարանի կողմից անհրաժեշտ  քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրվել են բացառապես ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թվականների մաստեր պլանը հաստատելու մասին» թիվ 1495-Ն որոշմամբ և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին և ընթացակարգերին համապատասխան»:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիմնադրվել է 1961թ., նոր շենքը (կլոր) նախագծվել է 1974թ., շահագործման է հանձնվել 1982 թվականին, ճարտարապետներն են` Ա. Թարխանյանը, Ս. Խաչիկյանը, Ժ. Շեխլյանը, Լ. Չերքեզյանը: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2011-ի աշնանը:

Placeholder