Սերգեյ Սմբատյան. Մենք Հայաստանում ստեղծել ենք մի նոր տենդենց, որ երիտասարդը կարող է անել այն, ինչին հավատում է
Օրվա թեմա
10:12 15/01/2016
Հայաստան

Սերգեյ Սմբատյան. Մենք Հայաստանում ստեղծել ենք մի նոր տենդենց, որ երիտասարդը կարող է անել այն, ինչին հավատում է

Հագեցած տասը տարի: Այսպես բնութագրեց Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նվագախմբի տասնամյա գործունեությունը:

Panorama.am-ի հետ զրույցում Ս.Սմբատյանն ասաց. «Մեր տասը տարվա աշխատանքի  գնահատականն այն է, որ  աշխարհահռչակ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին  համաձայնվել է գալ Հայաստան և մասնակցել նվագախմբի տասնամյակին նվիրված տոնին: Դա մեծ հաջողություն է: Համարում եմ, որ նվագախումբը ճիշտ է աշխատել, ճիշտ արժեքների շուրջ է կայացրել իր գործունեությունը: Ամենակարևորն այն է, որ մենք Հայաստանում ստեղծել ենք մի նոր տենդենց, որ երիտասարդը կարող է անել այն, ինչին հավատում է: Կարևոր է, որ մենք պետական ենք, ներկայացնում ենք Հայաստան պետությունը: Արտասահմանի համար շատ կարևոր է, որ  պետական նվագախումբ է:
Դրսում մեծ է հետաքրքրությունը նվագախմբի հանդեպ: Դա խոսում է որակի մասին: Նվագախումբը հասել է նրան, որ ամեն համերգին նոր որակ է ցուցադրում»:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կան այնպիսի ստեղծագործություններ, որոնք ցանկանում եք կատարել, բայց դեռ չեք «համարձակվում մոտենալ», Ս. Սմբատյանն ասաց. «Շատ են: Դա հենց այն տեսլականն է, որ մեզ առաջ է մղում: Այս տարի կկատարենք Պենդերցու «Երուսաղեմի 7 դարպասները», Մալլեր:  Կան ստեղծագործություններ, որոնց կատարումը նվագախմբի, դիրիժորի կյանքում ամենասպաված են: Դա է երևի արտիստի խոցելի տեղը, որ վերցնում է մի գործ ու կայացնում: Դրանով ենք մենք ապրում, դա է արտիստի կյանքում շարժիչ ուժը»:

Իսկ թե ո՞րն է եղել նվագախմբի ամենահիշարժան համերգները, դիրիժորը հիշեց 2007 թվականի Բեռլինի Կոնցերտ հաուզում կայացած համերգը. «Նվագախումբը մեկ տարեկան էր և հոտնկայս ընդունելության արժանացավ: Համերգասրահի ղեկավարն ասաց, որ վեց տարի է դահլիճում նման ընդունելություն չի եղել: Այդ համերգի ամեն մի վայրկյան հիշում եմ: Հիշում եմ, թե ինչ էի զգում բեմ դուրս գալուց առաջ: Նվագախմբի համար ճակատագրական համերգ էր: Մեր մեջ բան փոխվեց, մենք հասկացանք, որ կարող ենք: Հասկացանք, որ մեր գիտելիքով, գաղափարներով կարող ենք հաջողություն ունենալ նաև միջազգային ասպարեզում»:

2005թ-ին Ս. Սմբատյանը հիմնել և մինչ օրս ղեկավարում է Հայաստանի երիտասարդական նվագախումբը` որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Նվագախմբում ընդգրկված են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ: Մեկ տարի անց Հայաստանի երիտասարդական նվագախումբը դարձել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբն, իսկ 2008թ-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստանձնել է «պետական կարգավիճակ»` բարձր վարպետության և ժամանակակից երաժշտական միտումների խորն ընկալման համար:

Նշենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյակին նվիրված համերգը կայանալու է հունվարի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգին մասնակցելու են փայլուն արտիստներ՝ լեհ աշխարհահռչակ  կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին, Նարեկ Հախնազարյանը, Ալեքսանդր Ռոմանովսկին, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և այլ հայ ու արտասահմանցի հայտնի երաժիշտներ:

Placeholder