Գործարարները խնդրել են վարչապետին՝ ՌԴ-ին դիմել ներմուծվող գազի սակագնի նվազեցման խնդրանքով
Տնտեսություն
14:43 16/01/2016
Հայաստան

Գործարարները խնդրել են վարչապետին՝ ՌԴ-ին դիմել ներմուծվող գազի սակագնի նվազեցման խնդրանքով

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կենցաղային ապրանքների և սննդամթերքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների՝ իրենց խնդրանքով:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հայրենական արտադրողները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ տեղական արտադրանքի մրցունակության և աշխատատեղերի պահպանման վրա էներգակիրների գների բացասական ազդեցության վերաբերյալ: Գործարարները խնդրել են վարչապետին՝ ելնելով էներգակիրների գների համաշխարհային դինամիկայից, ԵՏՄ անդամակցության շրջանակներում դիմել Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությանը` ներմուծվող գազի սակագնի նվազեցման և արտադրողների համար ազգային արժույթով գնագոյացման խնդրանքով:

Գործարարները ներկայացրել են նաև իրենց ծրագրերը, հնարավորություններն ու դիտարկումներն աշխատատեղերի պահպանման և արտահանման խթանման վերաբերյալ:

Վարչապետ Աբրահամյանն անթույլատրելի է համարել որևէ աշխատատեղի կրճատումը: Նրա խոսքով՝ կառավարությունը պատրաստ է տարբեր գործիքներով աջակցել  արտադրողներին՝ աշխատատեղերի պահպանման և ձեռնարկությունների զարգացմանը նպաստելու համար:

Վարչապետն ընդգծել է որ Ռուսաստանի Դաշնության և այլ գործընկերների հետ տնտեսական հարաբերությունների առաջընթացն էապես կախված է տնտեսական մրցունակությունը չսահմանափակող էներգակիրների գներից և նշել է, որ էներգակիրների հարցով ՀՀ իշխանությունները դիմել են Ռուսաստանի Դաշնության իշխանություններին և հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հետ  գործընկերության ռազմավարական բնույթը, ակնկալում են ստանալ հարցի դրական լուծում:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում ներկայացված բոլոր առաջարկությունները կքննարկվեն կառավարությունում և դրանց հիման վրա կմշակվեն տնտեսվարողներին աջակցության նոր քայլեր և ուղիներ: 

 

Placeholder
Գործարարները խնդրել են վարչապետին՝ ՌԴ-ին դիմել ներմուծվող գազի սակագնի նվազեցման խնդրանքով