Փարիզի թանգարաններից մեկում նկարչուհին մերկացել է Մանեի կտավի առջև
Իրավունք
19:36 18/01/2016
Աշխարհ

Փարիզի թանգարաններից մեկում նկարչուհին մերկացել է Մանեի կտավի առջև

Լյուքսեմբուրգից նկարչուհի Դեբորա դե Ռոբերտիսը  Փարիզում Օրսե թանգարանում ֆրանսիացի գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից Էդուարդ Մանեի «Օլիմպիա» կտավի առջև մերկացել է: Նա պառկել է հատակին այն նույն դիրքով, ինչ նկարում պատկերված կինը: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Local-ին: Ոստիկանությունը ձերբակալել է կնոջն անպարկեշտ վարքագծի համար:

Նկարչուհին երբ մերկացել և պառկել է Օլիմպիայի դիրքով,  լուսանկարչական ապարատով սկսել է նկարել այցելուների ռեակցիան: Մի քանի րոպեից թիկնապահները փակել են դահլիճը և խնդրել նկարչուհուն հագնվել, ապա կանչել են ոստիկանություն:

Դեբորա դե Ռոբերտիսի փաստաբանը ընդգծել է, որ նրա գործողությունը գեղարվեստական ակտ է, այլ ոչ թե խուլիգանություն:

Սա նկարչուհու մասնակցությամբ առաջին դեպքը չէ Օրսեում: 2014-ին նա մերկացել էր ֆրանսիացի նկարիչ Գյուստավ Կուրբեի «Աշխարհի սկիզբը» կտավի առջև և նստել էր հատակին:

Մանեի «Օլիմպիա» կտավի առաջին ցուցադրությունը 1865 թ. փարիզյան սալոնում արվեստի պատմության մեջ մեծ վեճի առարկա էր դարձել: Գյուստավ Կուրբեն համեմատել է Օլիմպիային թղթախաղի  «ղառի դամայի հետ»,  որը նոր էր դուրս եկել լոգարանից: Մյուսները մեղադրել են Մանեին անբարոյականության և գռեհկության մեջ:
 

Placeholder
Փարիզի թանգարաններից մեկում նկարչուհին մերկացել է Մանեի կտավի առջև