Պերմյակովի գործով դուք կողմնակալ չեք կարող լինել. Ինքնաբացարկ` դատավորին
Իրավունք
16:29 18/01/2016

Պերմյակովի գործով դուք կողմնակալ չեք կարող լինել. Ինքնաբացարկ` դատավորին

Պերմյակովի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը նկատել է, որ գործով նիստը նախագահող դատավոր Հարություն Մովսեսյանը թույլ է տալիս հայաստանյան օրենսդրության խախտումներ:

«Ես չեմ կարծում, թե դուք չեք տիրապետում Հայաստանի օրենքներին: Ես կարծում եմ, որ դուք կաշկանդված եք ու չեք ղեկավարվում Հայաստանի օրենքներով», -դիմելով նիստը նախագահող դատավորին, հայտարարեց տիկին Սահակյանը:

Փաստաբանն այս հայտարարությունն արեց իրավահաջորդների ներկայացուցիչների` դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդության ներկայացման ժամանակ:

Փաստաբանը շարունակեց և պնդեց, որ դատավորը նախ կաշկանդված է, քանի որ գտնվում է ռուսական ռազմաբազայի տարածքում: «Հետևաբար, քանի որ դուք կաշկանդված եք, ապա անկողմնակալ որոշում չեք կարող կայացնել: Տուժող կողմի համար վերջնական դատական ակտը էական է լինելու, և մենք նորմալ դատական ակտ ենք ակնկալում, իսկ կաշկանդվածությամբ առաջնորդվող դատավորը չի կարող կայացնել մեր ակնկալած դատական ակտը: Ուստի ես ձեզ հորդորում եմ բավարարել ինքնաբացարկի միջնորդությունը և հեռացեք գործից», -հայտարարեց փաստաբանը:

Տուժող կողմի մյուս իրավահաջորդների ներկայացուցիչները ևս պնդեցին այս միջնորդությունը:
Նիստը հետաձգվեց մեկ ժամով` որոշում կայացնելու համար:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ տուժողների իրավահաջորներն ու իրենց ներկայացուցիչները միջնորդել էին, որպեսզի դատական նիստը տեղափոխեն և անցկացնեն հայկական դատարանում, սակայն դատավորը մերժել էր այդ միջնորդությունը: 

Placeholder
Պերմյակովի գործով դուք կողմնակալ չեք կարող լինել. Ինքնաբացարկ` դատավորին