Չեխիայի և Սլովակիայի «խաղաղ ապահարզանը» կարող է օրինակ ծառայել Ադրբեջանի համար. Շարմազանով
Քաղաքական
16:37 19/01/2016
Հայաստան

Չեխիայի և Սլովակիայի «խաղաղ ապահարզանը» կարող է օրինակ ծառայել Ադրբեջանի համար. Շարմազանով

Հայաստան-Չեխիա միջխորհրդարանական երկկողմ հարաբերությունները դինամիկ և ակտիվ զարգանում են: Այս մասին նշվել է Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի հետ հանդիպման ժամանակ:

ԱԺ փոխնախագահի աշխատակազմից հայտնում են, որ կողմերը դրական են գնահատել երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի և հանձնաժողովների միջև սերտ համագործակցության մակարդակը:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Թուրքիան չի կատարում միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները, ինչը նրա խոսքով՝ կարող է լուրջ սպառնալիքներ ստեղծել տարածաշրջանի համար:

Խոսելով ԼՂ հակամարտության մասին` ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հիմնախնդիրը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական ճանապարհով:

«Ադրբեջանի կողմից ռազմական հռետորաբանության կիրառումը, ինչպես նաև հակամարտության ռազմական ճանապարհով լուծման ցանկացած փորձ դատապարտելի են: Կարծում եմ՝ Չեխիայի և Սլովակիայի 1993 թվականի «խաղաղ ապահարզանը» կարող է օրինակ ծառայել Ադրբեջանի համար»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահն իր հերթին նշել է, որ Չեխիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու քաղաքական երկխոսությունը Եվրամիության հետ:

 

Placeholder