Արցախի նախագահ. Մեր պետության կյանքում չափազանց մեծ է դատական համակարգի դերը
Քաղաքական
12:35 20/01/2016
ԼՂՀ

Արցախի նախագահ. Մեր պետության կյանքում չափազանց մեծ է դատական համակարգի դերը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է.

«Դատական համակարգի հարգելի աշխատակիցներ և վետերաններ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ:

Կայացած ու լիարժեք գործող դատական մարմինները քաղաքացիական հասարակության կարևոր ձեռքբերումներից են, որոնք կոչված են ապահովելու երկրում իրավունքի գերակայությունը, օրենքի առջև բոլորի հավասարությունը, պաշտպանելու պետության և քաղաքացիների շահերը, մարդու իրավունքներն ու ազատությունները: Եվ հատկապես մեր պետության կյանքում, որն արդեն 25 տարի ընթանում է ժողովրդավարական ինստիտուտների կայացման ու զարգացման ճանապարհով, չափազանց մեծ է դատական համակարգի` որպես  իշխանության հիմնական ճյուղերից մեկի դերակատարությունը:

Ուզում եմ վստահ լինել, որ ձեզնից յուրաքանչյուրը մեծագույն պատասխանատվության ու  հայրենիքին նվիրվածության զգացումով է իրականացնում իր առաքելությունը և այսուհետ էլ կանի հնարավորն առաջադրված խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու համար: Ձեր ամենօրյա արհեստավարժ ու անաչառ աշխատանքի արդյունքում է նաև  ձևավորվում մեր ժողովրդի վստահությունը արդարության պաշտպանության, նրա հաղթանակի և, ընդհանուր առմամբ, իշխանությունների գործունեության հանդեպ:

Մենք կշարունակենք ուշադրության կենտրոնում պահել ձեր աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման գործընթացը՝ ի նպաստ դատական համակարգի շարունակական կատարելագործման ու զարգացման:

Թանկագին բարեկամներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր կարևոր ու պատասխանատու աշխատանքում»:

Նույն աղբյուրի հաղորդմամբ, դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է կարգադրություն, համաձայն որի` բարեխիղճ ու արդյունավետ աշխատանքի համար համակարգի մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել են արժեքավոր նվերներով:

Placeholder
Արցախի նախագահ. Մեր պետության կյանքում չափազանց մեծ է դատական համակարգի դերը