Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Անխիղճներ, անսովեստներ». Պերմյակովի մեղադրանքի ընթերցանությունը հուզեց Ավետիսյանների հարազատներին
Այսօր Գյումրիի ռուսական ռազմաբազայում ընթացող Պերմյակովի գործով դատական նիստում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը հայտարարեց դատաքննության մեկնարկի մասին:
Դրանից հետո Պերմյակովի մեղադրանքը պաշտպանող դատախազը ընթերցեց մեղադրական եզրակացության տեքստը. «2015թ. հունվարի 12-ին ՀՀ Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասի տանկային գումարտակի 1-ին տանկային վաշտի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի,1283689 համարի ինքնաձիգով, 5,45 մմ տրամաչափի 60 փամփուշտով և 689 համարի սվին դանակով «Մալայա կրեպոստ» կոչվող տարածքում իրականացնելով պահակային ծառայություն, ժամը 02-ի սահմաններում ինքնակամ լքել է պահակակետը և հագուստներ, գումար հայթայթելու նպատակով շրջել է Գյումրի քաղաքում:
Ժամը 06-ի սահմաններում հասնելով Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ հասցեի տան մոտ` զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ դարպասի բաց դռնակից մտել է բակ, մոտեցել տանը, սվին դանակով մուտքի դռան ապակին հանելու և ներսի կողմից փականի վրա մնացած բանալիով դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել նշված տուն, որտեղ երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած ԱԿՍ-74 տեսակի, 1283689 համարի ինքնաձիգից ուղիղ նշանառությամբ արձակած 28 կրակոցով տեղում սպանել է նույն տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին և մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին, որից հետո մանկահասակ Սերյոժա Ավետիսյանին առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ, այն է` ունենալով երկու փամփուշտով լիցքավորված ինքնաձիգ և երեսուն փամփուշտով լիցքավորված պահեստային պահունակ, վերը նկարագրված եղանակով հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու փոխարեն, ինքնաձիգին ամրացված սվին-դանակով հինգ հարված է հասցրել մոր գրկում անօգնական վիճակում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մարմնի կենսական կարևոր օրգանների` կրծքավանդակի ձախ կեսի, որովայնի, ինչպես նաև ձախ բազկի շրջաններում` պատճառելով կտրած-ծակած թափանցող և չթափանցող վերքեր,որոնց հետևանոքով մանկահասակ Սերյոժա Ավետիսյանը հիվանդանոցում յոթ օր անց մահացել է»:
Այս մանրամասները հուզմունք առաջացրին դատական նիստերի դահլիճում, և Ավետիսյանների հարզատներից մեկը բացականչեց. «Դե հիմա պաշտպանեք էս ստոր արարածին, անխիղճներ, անսովեստներ»:
Շարունակելով ներկայացնել Պերմյակովի մեղադրանքը, դատախազը հայտնեց նաև, որ Պերմյակովը Ավետիսյանների տնից հափշտակել է 64. 300 դրամ արժողությամբ սպարտային գլխարկ, տաբատ, բաճկոն, մեկ զույգ կիսաճտքավոր կոշիկ բջջային հեռախոսներ և 6000 ՀՀ դրամ կանխիկ գումար ու հեռացել դեպքի վայրից:
Այնուհետև, դատախազի ներկայացմամբ, Պերմյակովը, փորձել է հատել Հայաստանի սահմանը և դուրս գալով Գյումրիի վարչական տարածքից հասել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության` Բայանդուրի ուղեկալի սպասարկած ՀՀ պահպանվող պետական սահմանի հատված, ուսումնասիրել տեղանքը վերադարձել` պլանավորելով առավել անվտանգ իրադրությունում ` գիշերը, ապօրինի հատել սահմանը:
«Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Վալերի Պերկյակովը, չունենալով սահման հատելու իրավունք վերապահող սահմանված փաստաթղթեր և պատշաճ թույլտվություն, նույն օրը` ժամը 24-ի սահմաններում, փորձել է ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանի Բայանդուրի 12-րդ ուղեկալի 1-ին տեղամասի հատվածը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ 2015թ. հունվարի 13-ին` ժամը 00:12-ին, բռնվել է Բայանդուրի ուղեկալի ծառայողների կողմից», -ներկայացրեց դատախազը:
Դատախազի ելույթից հետո, դատավոր Մովսեսյանը ամբաստանյալ Պերմյակովից հետաքրքրվեց` իրեն հասկանալի՞ է առաջադրված մեղադրանքի էությունը, ինչին Պերմյակովը դրական պատասխան տվեց:
«Դուք Ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք»,-Պերմյակովին ուղղված դատավորի հաջորդ հարցն էր:
«Այո»,-կարճ պատասխանեց ամբաստանյալը:
«Թաղեմ քեզ», -հնչեց դահլիճից:
Դատավորը փորձեց ավելի մանրամասնել. «Կոնկրետ ինչում եք ձեզ մեղավոր ճանաչում»:
«Ամեն ինչում», -արձագանքեց Պերմյակովը:
«Ասա սպանության, թաղեմ ազիզ կյանքդ», -դահլիճից փորձեցին հուշել Պերմյակովին:
Դատավորը խնդրեց հարազատներին հանգստանալ, քանի որ ինքը հարցեր է տալիս ամբաստանյալին: