ՀԱՖՆ-ը հյուրախաղերով հանդես կգա ԱՄԷ-ում, Իտալիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում
Մշակույթ
09:20 26/01/2016
Հայաստան

ՀԱՖՆ-ը հյուրախաղերով հանդես կգա ԱՄԷ-ում, Իտալիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարվա ընթացքում ունի մի շարք համերգներ, որոնք նվիրված են լինելու Հայաստանի Անկախության 25-ամյակին: Panorama.am-ին այս մասին տեղեկացրեցին նվագախմբի մամուլի ծառայությունից:

Նվագախումբը տարվա ընթացքում հյուրախաղերով հանդես կգա Արաբական Միացյալ Էմիրություններում (փետրվար), Իտալիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում, շարունակելու են բանակցությունները 2017-ին Չինաստանում և Ճապոնիայում նախատեսված հյուրախաղերի շուրջ:

Ինչ վերաբերում է փետրվարին Հայաստանում կայանալիք նվագախմբի համերգներին, տեղեկացրեցին, որ արդեն ծրագրված է երեք համերգ: Փետրվարի 5-ին իսպանացի դիրիժոր Մանուել Էրնանդես-Սիլվայի ղեկավարությամբ կոնտրաբասահար Նազարեթ Քյուրքչյանը  (Իսպանիա) կկատարի Սերգեյ Կուսևիցկու Կոնտրաբասի կոնցերտը, նաև՝ Ռավելի Իսպանական ռապսոդիան և Ռախմանինովի սիմֆոնիկ պարերը:

Փետրվարի 12-ին մակեդոնացի ճանաչված դաշնակահար Սիմոն Տրպչեսկին կկատարի Պրոկոֆևի դաշնամուրային երկու կոնցերտները և հրեական թեմաներով նախերգանքները: Համերգը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Փետրվարի 26-ին նվագախմբի հյուրն է լինելու գերմանացի դիրիժոր Լիոր Շամբադալը, ում հետ հանդես կգա նաև բրիտանացի ջութակահար Ալեքսանդր Սիտկովեցկին՝ ներկայացնելով Մենդելսոնի հայտնի Ջութակի կոնցերտը:

Մարտին 18-ին կայանալու է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին նվիրված համերգ:

Placeholder
ՀԱՖՆ-ը հյուրախաղերով հանդես կգա ԱՄԷ-ում, Իտալիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում