2016-ը Գիտության պետական կոմիտեի համար կարող է լինել բեկումնային. Սամվել Հարությունյան
Կրթություն, գիտություն
13:04 26/01/2016
Հայաստան

2016-ը Գիտության պետական կոմիտեի համար կարող է լինել բեկումնային. Սամվել Հարությունյան

2015 թվականը Գիտության պետական կոմիտեի համար եղել է պատասխանատու տարի, բազմաթիվ աշխատանքներ են իրականացրել, որոնք ոլորտի համար այս տարի կարող են բեկումնային նշանակություն ունենալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Մասնավորապես, ըստ նրա, ընդունվել է «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքը, որը չափազանց կարևոր է ԳՊԿ-ի համար:

«Բացի այդ, կան Կառավարության մի շարք որոշումներ, որոնք նույնպես բեկումնային նշանակություն ունեն Գիտության պետական կոմիտեի համար»,- նշեց  Սամվել Հարությունյանը:

Նա անդրադարձավ նաև ամեն տարի անցկացվող մրցույթներին: Ս.Հարությունյանը  կարևորելով  Ռուսաստանյան հումանիտար գիտական հիմնադրամի հետ համատեղ անցկացվող նախագծերի աջակցության մրցույթը՝ ասաց, որ արդեն իսկ ստացվել է 27 հայտ, արդյունքներն ամփոփվում են: Նմանատիպ ծրագրեր, ըստ նրա, իրականացվում են նաև Լեռնային Ղարաբաղում:

«Այս մրցույթները մեզ համար կարևոր նշանակություն ունենք, քանի որ դրանք նպաստում են տեղական գիտական կադրերի ստեղծմանը»,- ընդգծեց Ս.Հարությունյանը՝ հավելելով, որ 2015թ-ին կազմակերպվել է գիտական ծրագրերի ֆինանսավորման 7 մրցույթ:

Խոսելով 2016 թվականի ծրագրերից, Սամվել Հարությունյանն ասաց, որ օրենսդրական դաշտում սպասվում են մի շարք փոփոխություններ:

«Մի շարք համատեղ մրցույթներ կունենանք, կամփոփվեն 2015 թվականին հայտարարված մրցույթների արդյունքները: Կոմիտեի միջոցով շարունակվելու են ֆինանսավորվել երիտասարդ գիտնականների դպրոցներ, գիտական միջոցառումներ և այլն»,- ասաց նա:

Նա նաև տեղեկացրեց, որ Գիտության պետական կոմիտեն այս տարի  նախատեսում է աշխատանքներ իրականացնել Եվրոպական Միության «Հորիզոն-2020» ծրագրին՝ գիտական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունն ապահովելու ուղղությամբ:

Placeholder