Հանձնարարվել է դասերի վերսկսումից հետո սահմանել վերահսկողություն հաճախումների նկատմամբ
Կրթություն, գիտություն
15:09 26/01/2016
Հայաստան

Հանձնարարվել է դասերի վերսկսումից հետո սահմանել վերահսկողություն հաճախումների նկատմամբ

Դասերի վերսկսումից հետո վերահսկողություն սահմանել դպրոցներում և արհեստագործական  ուսումնարաններում  հաճախումների, ինչպես նաև բաց թողնված դասաժամերը  պատշաճ լրացնելու նկատմամբ: Այս մասին կրթության տեսչությանը և համապատասխան վարչություններին հանձնարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն՝ այսօր տեղի ունեցած գործակարգավարական  խորհրդակցության ժամանակ: Տեղեկացնում են ԿԳՆ  լրատվական ծառայությունից:

«Դպրոցներին և ՄԿՈՒ հաստատություններին առաջարկվել է բաց թողնված դասերը լրացնել կամ շաբաթ օրերը դասեր կազմակերպելու, կամ մնացած օրերին լրացուցիչ պարապմունքներ կատարելու հաշվին: Սահմանեք վերահսկողություն, որպեսզի դասացուցակներում կատարվեն համապատասխան փոփոխություններ և կրթական ծրագիրն ամբողջությամբ իրականացվի»,- հանձնարարել է նախարարը՝ հիշեցնելով, որ այս տարի գարնանային արձակուրդներ չեն լինելու:

ՀՀ ԿԳ նախարարը հատուկ անդրադարձել է նաև աշխատանքային կարգապահության խնդիրներին՝ շեշտելով, որ ներքին կարգապահության և ընթացիկ աշխատանքների իրականացման որակի նկատմամբ ավելի պահանջկոտ մոտեցում է ցուցաբերվելու: Խորհրդակցության ընթացքում տրվել են նաև կազմակերպչական հանձնարարականներ՝ ՀՀ կառավարական նոր մասնաշենք ԿԳՆ-ի տեղափոխվելու վերաբերյալ:
 

Placeholder