«Զիկա» վիրուսի դեպք է գրանցվել նաև Դանիայում
Աշխարհում
18:04 27/01/2016
Աշխարհ

«Զիկա» վիրուսի դեպք է գրանցվել նաև Դանիայում

Դանիայի մի բնակչի մոտ ախտորոշվել է «Զիկա» վիրուս: Այս մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցները

Վիրուսը հայտնաբերվել է մի տղամարդու մոտ: Նա վերջերս է վերադարձել Հարավային ու Կենտրոնական Ամերիկայի երկրներից, որտեղ այդ վիրուսի բռնկում կա: Հետազոտությունների արդյունքների համաձայն, վիրուսը վտանգավոր չէ կյանքի համար, սակայն ազդում է հղի կանանց պտղի ուղեղի վրա: Հիվանդության բուժման կամ դրա դեմ պատվաստման դեմ որևէ դեղամիջոց այս պահին չկա:

Նշվում է, որ սա հիվանդացության առաջին դեպքը չէ Եվրոպայում: Ավելի վաղ վիրուսն ախտորոշվել է երեք բրիտանացու մոտ, որոնք եղել են Հարավային Ամերիկայում:

Այսօր վիրուսակիր է հայտնաբերվել նաև Շվեդիայում:  Զիկա վիրուսի դեպքեր արձանագրվել են Ասիայում, Աֆրիկայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Եվրոպայում դեռ առանձին դեպքեր են գրանցվում: 

Զիկա վիրուսն առաջացնում է բարձր ջերմություն, գլխացավեր, հոդացավեր, բորբոքային գործընթացներ, առանձին դեպքերում՝ սրտխառնոց և փսխում, խանգարումներ և ցավեր ստամոքսում: Վիրուսի տարածողը մոծակի մի տեսակ է, որը կոչվում է Aedes aegypti :


Տեղեկություններ կան, որ հղիության ընթացքում վիրուսով վարակվելը երեխայի մոտ առաջացնում է միկրոցեֆալիա՝ բնածին արատ, որի հետևանքով գանգը զգալիորեն փոքր է լինում, այն ուղեկցվում է մտավոր հետամնացությամբ, նևրոտիկ շեղումներով, լսողության ու տեսողության խանգարումներով:
 

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ,  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առողջապահության նախարարին հանձնարարել է թույլ չտալ երկրի տարածքում «Զիկա» վիրուսի տարածումը:

Այդ երկրի ղեկավարը պահանջել է ուշադրություն դարձնել դրան, քանի որ հղի կանանց պարագայում վիրուսըծանր հետևանքներ է ունենում երեխաների համար:

«Պետք է աշխատել նաև դրա դեմն առնող դեղամիջոցի վրա»,-ասել է Պուտինը:

Placeholder
«Զիկա» վիրուսի դեպք է գրանցվել նաև Դանիայում