Սուր շնչառական վարակների առումով գրանցվել են լուրջ հաջողություններ, բայց  չի նշանակում, որ գրիպը նահանջել է. Արտավազդ Վանյան
Առողջություն
16:17 29/01/2016
Հայաստան

Սուր շնչառական վարակների առումով գրանցվել են լուրջ հաջողություններ, բայց չի նշանակում, որ գրիպը նահանջել է. Արտավազդ Վանյան

Այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ գրիպի և սուր շնչառական վարակաների առումով բավական լուրջ հաջողություններ կան գրանցված : Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերհսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը՝ ներկայացնելով գրիպի և սուր շնչառական վարակների իրավիճակը:

Նրա խոսքերով՝  այս տարվա հունվարին, հիմնականում տոնական և հետտոնական օրերին, արձանագրվել  է սուր շնչառական վարակների աշխուժացում, որին էլ նպաստել են ջերմաստիճանի կտրուկ նվազումը, տոնական օրերին ակտիվ շփումները և գրիպի շրջանառող հարուցիչը (H1N1):

Ըստ Ա.Վանյանի՝  դեկտեմբերին մահացություններ են եղել գրիպից, հոսպիտալացումներն էլ  քիչ էին, սակայն ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման արդյունքում այսօր հանրապետությունում նկատվում է ստացիոնար կազմակերպություններ սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացման կայուն իրավիճակ: Բացի այդ, ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության և շտապբուժօգնության կանչերը ևս նկատելի նվազել են:

Արտավազդ Վանյանը հայտնեց, որ հղիների շրջանում ստացիոնար դիմելիությունը նույնպես  նվազել է շուրջ 60 %-ով: «Վերակենդանացման բաժամունքներում բուժում ստացող հիվանդների թիվն էլ նվազել է 46 %-ով»,- ասաց Վանյանը:

Այնուամենայինիվ, ըստ նրա, դա չի նշանակում, թե գրիպը նահանջել  է և պետք է թուլացնել զգոնությունը:

«Դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում լինելու է համաճարակային ֆիլտր: Այն երեխաները, ում մոտ գրիպի թեթև նախանշաններ կլինեն, նրանք կմեկուսացվեն»,- ընդգծեց  Վանյանը՝  հավելելով, որ այս հիվանդությանը միայն համատեղ ուժերով կարելի է հաղթահարել:
Նրա խոսքերով, ուսումնական հաստատություններում այսօրվանից սկսած  համապատասխան աշխատանքներ են իրականացվելու, որպեսզի դասերն սկսվելուն պես նորմալ ջերմաստիճան լինի:

Նշվեց նաև, որ ժամանակավորապես կդադարեցվեն ֆիզիկական կուլտուրայի դասընթացները. «Առաջարկել ենք նաև, որ դպրոցներում չգործեն բուֆետները, չլինեն երեխաների կուտակումներ, քանի որ կուտակումները շատ ռիսկային կարող են լինել»,- ասաց նա:

Placeholder
Սուր շնչառական վարակների առումով գրանցվել են լուրջ հաջողություններ, բայց չի նշանակում, որ գրիպը նահանջել է. Արտավազդ Վանյան