Ի՞նչ բուժզննման են ենթարկվում Հայաստան եկողները. Պարզաբանում է ԱՆ-ն
Տնտեսություն
09:11 30/01/2016
Հայաստան

Ի՞նչ բուժզննման են ենթարկվում Հայաստան եկողները. Պարզաբանում է ԱՆ-ն

Օդանավակայանում, սահմանային անցակետերում Հայաստան ժամանողների բուժզննում անցնելու մասին Panorama.am-ի հարցերին պատասխանել է Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար  Վահե Հակոբյանը:

-Հաշվի առնելով հանրապետությունում գրիպի տարածվածությունը՝ օդանավակայանում, սահմանային անցակետերում Հայաստան եկողները որևէ բժշկական զննման ենթարկվո՞ւմ են:

-Պետական սահմանի անցման կետերում արդեն իսկ ուժեղացվել է սանիտարակարանտինային հսկողությունը՝ կապված էբոլա վիրուսով հարուցված հիվանդության, Մերձարևադարձային շնչառական համախտանիշի (MERS-CoV) և պոլիոմիելիտ` հարուցված վայրի պոլիովիրուսով հիվանդությունների հետ: Վերջինիս ընթացքում իրականացվում են հանրապետություն ժամանող ուղևորների ջերմաչափում հեռաչափիչ ջերմացույցներով (ճշտությունը՝ ±5%), բժշկական զննություն, հարցում: Անհրաժեշտության դեպքում, կազմակերպվում են կանխարգելիչ, բժշկական և սահմանափակող միջոցառումներ:

Համաձայն միջազգային և ՀՀ սանիտարական օրենսդրության, սեզոնային գրիպի և սուր շնչառական վարակիչ հիվանդություններով հիվանդացության բարձրացման ժամանակ հանրապետություն ժամանող ուղևորների նկատմամբ կանխարգելիչ, բժշկական, սահմանափակող միջոցառումների իրականացում չի նախատեսվում:

-Ի՞նչ արդյունքներ են գրանցվել, քանի հիվանդ մարդ է գրանցվել դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 25-ը:

2015 թվականի դեկտեմբերի 1-ից առ այսօր ՀՀ պետական սահմանի անցման կետերում հանրապետություն ժամանող անձանց շրջանում հայտնաբերվել են մարմնի ջերմաստիճանի բարձրացման եզակի դեպքեր: Միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնող հիվանդությունների կասկածելի դեպքեր չեն արձանագրվել:

-Եթե պարզվում է, որ Հայաստան եկող անձը հիվանդ է, ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում:

-Հիվանդության ախտանշաններով անձ հայտնաբերելիս այդ մասին անհապաղ տեղեկացվում է բնակության վայրի պոլիկլինիկական ծառայություն: Վերջինիս կողմից կազմակերպվում է բուժսպասարկումը:

(Լուսանկարը՝ ինտերնետից, բոլորովին այլ օդանավակայանի)

Placeholder
Ի՞նչ բուժզննման են ենթարկվում Հայաստան եկողները. Պարզաբանում է ԱՆ-ն