ԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները որոշել են համատեղ ջանքերով պայքարել «Զիկա» վիրուսի դեմ
Առողջություն
15:50 30/01/2016
Աշխարհ

ԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները որոշել են համատեղ ջանքերով պայքարել «Զիկա» վիրուսի դեմ

ԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահներ Բարաք Օբաման և Դիլմա Ռուսեֆը քննարկել են իրավիճակը Զիկա վիրուսի տարածման շուրջ և կողմ արտահայտվել դրա դեմ պայքարի համար համատեղել ջանքերը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը, գրում է Ռիա Նովոստին:

«Երկու կողմերը պայմանավորվել են, որ անհրաժեշտ են համատեղ ջանքեր՝ մարդկանց իրազեկվածության մեծացման, հետազոտությունների խթանման ու լավագույն պատվաստանյութի ստեղծման աշխատանքներն ինտենսիվացնելու համար»,- նշել են երկու ղեկավարները հեռախոսազրույցի ժամանակ: 

ԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները նշել են ազգային, տարածաշրջանային, ինչպես նաև գլոբալ մակարդակում հիվանդության դեմ ավելի լայն պայքարի անհրաժեշտությունը։

Զիկա վիրուսն  առաջին անգամ հայտնաբերվել է կապիկների մոտ, վիրուսը անվանումը ստացել է Ուգանդայի Զիկա անտառի պատվին: Այն փոխանցվում է  մոծակների միջոցով: Վիրուսով վարակված մարդկանց մեծ մասը չի զգում դրա առկայությունը: Զիկան համարվում է ոչ մահացու վիրուս, և նրա առաջացրած տենդը բավականին հեշտ է անցնում: Այս հիվանդությանը բնորոշ են բազմաթիվ այլ հիվանդությունների ախտանշաններ, այդ թվում` թեթև գլխացավ, ցան, տենդ, ցավեր մարմնի տարբեր մասերում և այլն: Վիրուսի դեմ դեռևս ոչ մի դեղամիջոց չկա:

Զիկա վիրուսը զգալիորեն ազդում է հղի կանանց վրա: Հիվանդության գլխավոր հետևանքներից է պտղի մոտ միկրոցեֆալիան` ուղեղի և գանգի չափսերի բնածին փոքրություն, ինչը հանգեցնում է մտավոր հետամնացության:

 

Placeholder
ԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները որոշել են համատեղ ջանքերով պայքարել «Զիկա» վիրուսի դեմ