Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դպրոցներում հաճախումների ցուցանիշը ինձ գոհացնում է. Արմեն Աշոտյան
Փետրվարի 1-ից դպրոցներում դասերը վերսկսվել են և հաճախումների ցուցանիշը երեկվա դրությամբ կազմել է շուրջ 80 տոկոս: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Կրթության, գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Սովորական օրերին մենք ունենում էինք 85-90 տոկոս հաճախելիության ցուցանիշ: Իհարկե, դեռ կա հիվանդության խնդիր, և ծնողները որոշ մտահոգություն ունեն, չեն ուղարկում երեխաներին դպրոց: Բայց այս հաճախումների ցուցանիշը ինձ բավարարում է, որպեսզի դպրոցները վերսկսեին իրենց աշխատանքները: Մարտահրավերը, գոյություն ունի և պետք է դա հաղթահարենք մինչև մայիսի վերջ: Վերջին զանգի ժամկետը Հայաստանում չի փոխվելու», -հավելեց Աշոտյանը:
Նա տեղեկացրեց, որ դպրոցները հետևել են իր հանձնարարականին, մինչև դասերը սկսելը ջեռուցել են դպրոցների շենքերը: Այդուհանդերձ, նախարարն էլ խոստովանում է, որ Արարատի ու Շիրակի մարզերում դեռևս կան դպրոցներ, որոնք չեն ջեռուցվում, չեն բացվել ու, հետևաբար, հետ են ընկել ընդհանուր ուսումնական գործընթացից:
«Անգամ առանց այս գրիպի էլ, մենք գյուղերում ունեցել ենք դպրոցներ, որտեղ ջեռուցման խնդիրը միշտ է եղել», -ասաց Աշոտյանը` նկատելով, որ այդ պարագաներում արվում է «ամեն հնարավորը խնդիրները հարթելու համար»:
Նախարարի խոսքով, այդ դպրոցներում ջեռուցման խնդիրները լուծելու համար աշխատում են մարզպետարանների հետ:
«Մարզպետարաներից տեղեկացրել են, որ լրացուցիչ քայլեր կձեռնարկեն», -ասաց նախարարը: