Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դուք Հիսուս Քրիստոսը չեք, ես էլ Ղուկասը չեմ. Արմեն Աշտոյանը` պատգամավորներին
Այսօր բարձրագույն և հետբուհական կրթության վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ կրթության, գիտության նախարար Արմեն Աշոտյանը խնդրեց պատգամավորներին չնեղանալ իրենից, որ նրանց առաջարկությունները նախագծում տեղ չեն գտել:
«Խնդրում եմ մի նեղացեք, եթե առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում չենք ընդունել ձեր առաջարկությունները: Դա եղել է շատ պարզ պատճառով` մենք ԱԺ կանոնակարգ օրենքի շրջանակներում կարող ենք ու պարտավոր ենք անդրադառնալ բացառապես գրավոր առաջարկություններին: Բայց դա էլ պրոբլեմը չէր: Եթե ես հիշեի, թե ինչ եք ասել այդ պահին, ինքս կվերցնեի դրանք՝ որպես գաղափարներ: Ցավոք, ձեր նկատմամբ իմ ամբողջ հարգանքով հանդերձ՝ դուք Հիսուս Քրիստոսը չեք, ես էլ Ղուկասը չեմ, որ Ձեր հետևից ման գամ ու գրեմ` ինչ ասել եք», -դիմելով պատգամավորներին՝ հայտարարեց ԿԳ նախարարը:
Նա խնդրեց չզլանալ ու քննարկման ընթացքում առաջացած առաջարկություններն ու մտքերը գրավոր ուղարկել օրինագիծը նախաձեռնողներին, որպեսզի դրանք տեղ գտնեն նախագծում:
Մասնագիտությամբ բժիշկ նախարարը փորձեց բժշկական տերմինաբանությամբ արձագանքել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի հայտարարություններին. «Բժշկության մեջ գոյություն ունեն ֆանտոմային ցավեր, դա այն ժամանակ է, երբ վերջույթի մի մասը գոյություն չունի, բայց մեկ է` ցավում է ու հիվանդին թվում է` գոյություն ունի ու ցավում է: Հիմա այս նախագծի քննարկման ժամանակ գնալ, հիշել սահամանդրական հանրաքվեն, ինձ մոտ սահմանադրական ֆանտոմային ցավերի տպավորություն է թողնում»:
Նշենք, որ Արամ Մանուկյանը նախագծի վերաբերյալ իր ելույթում հայտարարել էր, որ կրթության ոլորտը քաղաքականացված է ու «օգտագործվում է իշխանությունների կողմից՝ իր խնդիրները լուծելու համար»:
«Իշխանությունը իրավունք չունի ներգրավել ուսուցիչներին՝ խուժանի հետ հավասար ընտրական կեղծքիների, ընտրատեղամասերում դեբոշներ կազմակերպելու գործին», -ասել էր նա:
2-րդ ընթերցման ռեժիմով քննարկվող նախագիծը «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններն են, որոնցով հստակեցվում են երկրում գործող նպատակային ընդունելության մեխանիզմները՝ ըստ այն աշխարհագրական գերակայությունների, որտեղ կադրերի, մասնագետների կարիք կա: Նախագծով պարտավորեցնելու են պետությանը խաբող և անվճար սովորած ուսանողներին, եթե չեն գնում այն գյուղը, մարզը, որտեղ իր կարիքը կա, պետությանը կրկնակի վճարել ուսման վարձը: