Իրանը գազի դիմաց 1 միլիարդ դոլարի չափով կփոխհատուցի Թուրքիային
Տնտեսություն
12:25 02/02/2016
Տարածաշրջան

Իրանը գազի դիմաց 1 միլիարդ դոլարի չափով կփոխհատուցի Թուրքիային

«Իրանը գազի դիմաց 1 միլիարդ դոլարի չափով կփոխհատուցի Թուրքիային»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նավթի փոխնախարար Համիդ Ռեզա Էրաղին:

Նշենք, որ տևական ժամանակ է, ինչ Իրանն ու Թուրքիան վիճում են գազի գնի շուրջ. Թուրքիան իրանական գազի բարձր գնի պատճառով ընդդեմ Իրանի՝ բողոք է ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան:

Իրանի նավթի փոխնախարարը, անդրադառնալով հօգուտ Թուրքիայի՝ դատարանի կայացրած որոշմանը, մասնավորապես նշել է. «Դեռևս տուգանքի վճարման վերաբերյալ հստակ որոշում չի կայացվել, սակայն այն կկազմի արտահանվող գազի գնի 10-15 տոկոսը: Իրանը հավանաբար Թուրքիային 1 միլիարդ դոլարի չափով փոխհատուցում կտրամադրի»:

Իրանի նավթի ազգային ընկերության գործադիր տնօրենն էլ, անդրադառնալով խնդրին, նշել է. «Թուրքիայի բողոքը երկու մասից է բաղկացած. Առաջինը վերաբերում է գազի գնի նվազեցմանը, այն պատճառաբանությամբ, թե Իրանը չի կարողանում ապահովել գազի անհրաժեշտ պահանջարկը: Իսկ երկորդ բողոքը վերաբերում է գազի գնի վերանայմանը»:

«Մենք մեր դիրքորոշումը պաշտպանել ենք, մենք պնդել ենք, որ կարող ենք ապահովել անհրաժեշտ պահանջարկը և ներկայացված ոչ մի պնդումը չենք ընդունում»,-հավելել է Համիդ Ռեզա Էրաղին:

Նշենք, որ Թուրքիան Իրանից հիմնականում ներկրում է գազ և նավթ. Վերջին տարիներին Անկարան պաշտոնական մակարդակով բազմիցս դժգոհել է, որ Իրանը Թուրքիային բավականին թանկ գնով է գազ վաճառում՝ 1000 խմ-ի դիմաց 490 դոլար, և սա այն դեպքում, երբ Թուրքիան Ռուսաստանից գազը գնում է 425, իսկ Ադրբեջանից 335 դոլարով: Եթե Իրանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները 2012թ. կազմել են 21.8 միլիարդ դոլար, ապա 2013թ. նվազում է արձանագրվել՝ հասնելով 13.5 միլիարդի:

Placeholder
Իրանը գազի դիմաց 1 միլիարդ դոլարի չափով կփոխհատուցի Թուրքիային