Ֆիզկուլտի դասատուն գիտի «Hello» բառը ու համատեղության կարգով անգլերեն է դասավանդում. Նաիրա Զոհրաբյան
Կրթություն, գիտություն
16:21 02/02/2016

Ֆիզկուլտի դասատուն գիտի «Hello» բառը ու համատեղության կարգով անգլերեն է դասավանդում. Նաիրա Զոհրաբյան

«Հայաստանի սահմանամերձ շատ գյուղերում մենք տեսնում ենք, որ ասենք ֆիզկուլտուրայի ուսուցիչը, որն ասենք անգլերենից գիտի չորս տառ կամ «Hello» բառը, համատեղության կարգով դասավանդում է անգլերեն», -այսօր Ազգային ժողովում կրթության մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Քննարկվող նախագիծը «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններն են, որոնցով հստակեցվում են երկրում գործող նպատակային ընդունելության մեխանիզմները՝ ըստ այն աշխարհագրական գերակայությունների, որտեղ կադրերի, մասնագետների կարիք կա: Նախագծով պարտավորեցնելու են պետությանը խաբող և անվճար սովորած ուսանողներին, եթե չեն գնում այն գյուղը, մարզը, որտեղ իր կարիքը կա, պետությանը կրկնակի վճարել ուսման վարձը: 

Զոհրաբյանը նկատեց, որ խնդրին փաթեթային լուծում տրված չէ և կարոևր նախագիծը գործի դնելու փուլում «կարող է դառնալ մեռելածին»:

«Ոնց ենք պատկերացնում, որ երիտասարդը, որը նպատակային գործուղվել է տվյալ մասնագիտությունը ուսուցանելու և վերադարձել է հեռավոր գյուղը իր 70 կամ 100 հազար դրամ աշխատավարձով կարողանա տուն վարձել, ընտանիք պահել և հարակից հոգսեր հոգալ: Այս ամենը, իհարկե, ֆանտաստիկայի ժանրից է», -հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը` նկատելով, որ պետք է ամբողջական լուծում տալ խնդրին ու նոր նախագիծ ներկայացնել:

Առաջարկվող նախագծում Նաիրա Զոհրաբյանը սողանցքներ է տեսնում. «Ինչ-որ մեկը, որն ուզում է ունենալ բուհի վկայական, կարող է գնալ, սովորել` անկախ իր մտավոր ունակություններից, խիստ սահմանափակ IQ-ից, լրացնել այդ տեղը ու արդյունքում ունենալու ենք շատ տխուր վիճակ»:

Զոհրաբյանն ասաց, որ իր ղեկավարած խմբակցությունը նախագծին կողմ կքվեարկի, բայց, որպեսզի «մեռելածին» չլինի նախաձեռնությունը, առաջարկեց սոցիալական խնդիրներին լուծում տալ ու դրա համար նախադրյալներ ստեղծել:

 

Placeholder