ԵԽԽՎ պատգամավորները քվեարկեցին խաղաղ գործընթացի օգտին. Է.Նալբանդյան
Քաղաքական
13:07 02/02/2016
Հայաստան

ԵԽԽՎ պատգամավորները քվեարկեցին խաղաղ գործընթացի օգտին. Է.Նալբանդյան

«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը այլ ձևաչափեր տեղափոխելը կարող է ոչ միայն չնպաստել, այլև վնաս հասցնել հիմնախնդրի կարգավորմանը: Նմանատիպ բովանդակության հայտարարություն արեց ԵԱՀԿ Մինսկի խումբը ԵԽԽՎ նստաշրջանից առաջ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ԵԽԽՎ-ում երկու հակահայ բանաձևերի քննարկման ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արած հայտարարության վերաբերյալ հարցին:

Ըստ նախարարի, համանախագահների հայտարարությունը Ադրբեջանի համար էլ անակնկալ չէր կարող լինել. «Այլ բան է, որ Ադրբեջանը դժգոհում է, քանի որ այդ հայտարարությունն առաջին հերթին ուղղված էր հենց Ադրբեջանին: Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք ասել ենք այն, ինչ եռանախագահները: Այս հարցում մեր կարծիքները համընկնում են»:

Է.Նալբանդյանի խոսքով, լավ է, որ ԵԽԽՎ պատգամավորները բրիտանացի պատգամավոր Ռոբերթ Ուոլթերի   բանաձևին դեմ քվեարկեցին՝ այդպիսով քվեարկելով խաղաղ գործընթացի օգտին:

Ինչ վերաբերում է Միլիցա Մարկովիչի զեկույցին, որն ընդունվեց պատգամավորների կողմից, նախարարն ասաց, որ այն քննարկվել է սոցիալական հարցերով զբաղվող հանձնաժողովում, ոչ թե քաղաքական, չնայած զեկուցողը փորձել էր որոշ քաղաքական ձևակերպումներ մտցնել այս բանաձևի  մեջ:

«Չնայած եռանախագահների կոչերին, առաջին անգամ չէ, որ Ադրբեջանն ուզում է օգտագործել ԵԽԽՎ-ն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Ադրբեջանը միտումնավոր է անում ամեն ինչ, որպեսզի վնաս հասցնի եռանախագահների ջանքերին, այն ձևաչափին, որի շրջանակում ընթանում են բանակցությունները, քանի որ սեղանի շուրջ չեն կարողանում փաթաթել իրենց միակողմանի դիրքորոշումը, դեմ են դուրս ԵԱՀԿ-ին, Եվրախորհրդին: Ադրբեջանը փորձում է մխիթարություն գտնել ինչ-ինչ ձևաչափերում»,- ասաց Է.Նալբանդյանը:

Ինչ վերաբերում է հայ պատգամավորների աշխատանքին, նախարարն ասաց, որ հայ դիվանագետները, պատգամավորներն արել են և կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի թույլ չտան որևէ քայլ, որը կվնասի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ լիագումար նիստում ընդունվել է բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» բանաձևի նախագիծը՝ մի շարք փոփոխություններով: Բանաձևն ընդունվել է 98 «կողմ», 71 «դեմ» և 40 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ: Իսկ բրիտանացի պատգամավոր Ռոբերթ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» բանաձևի նախագիծը տապալվել է. դահլիճում ներկա պատգամավորներից 66-ը քվեարկել էին «կողմ», 70-ը՝ «դեմ» և 45-ը «ձեռնպահ»:

Placeholder
ԵԽԽՎ պատգամավորները քվեարկեցին խաղաղ գործընթացի օգտին. Է.Նալբանդյան