Դեղեր, որ արտադրվում են Հայաստանում՝ հայկական հումքով ու պահանջարկ ունեն արտերկրում
Առողջություն
17:26 03/02/2016
Հայաստան

Դեղեր, որ արտադրվում են Հայաստանում՝ հայկական հումքով ու պահանջարկ ունեն արտերկրում



ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Լ.Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը, որը դեռ խորհրդային տարիներից հայտնի էր նոր դեղերի մշակման աշխատանքներով, 40-45 տարիների ընթացքում  ստեղծել է չորս տասնյակից ավելի դեղանյութեր, որոնցից արտադրել և տնտեսության մեջ է ներդրել 14-15 դեղամիջոց:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լ.Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Վիգեն Թոփուզյանը, Հայաստանի անկախացումից հետո, ֆինանսական դժվարություններով պայմանավորված, այդ դեղամիջոցների արտադրությունն ինստիտուտում դադարեցվել է, սակայն այսօր 5 դեղամիջոցի արտադրությունը  վերականգնվել է և դրանք վաճառվում են ոչ միայն Հայաստանում, այլև Ուկրաինայում, Բելառուսում և Վրաստանում:

Մասնավորապես, արտադրվում է «Գանգլերոնը», որը սրտանոթային համակարգի աշխատանքին է նպաստում, «Դիցիլինը», որն օգտագործվում է վիրահատությունների ժամանակ` որպես մկանաթուլացնող միջոց, «Թեոդինը» (նյարդի, վերջույթների բորբոքումների համար է նախատեսված, հատկապես` մեջքի նյարդերի):

Արտադրվում է նաև «Կապրոֆերը», որի նպատակն արյան հոսքի դադարեցումն է, այն շատ են օգտագործում հատկապես ատամնաբույժները` ատամը հեռացնելուց հետո արյան հոսքը դադարեցնելու նպատակով:

«Այն անմիջապես մակարդում է արյունը, երբ դեղը դնում են վերքի վրա, արյունահոսությունը դադարում  է: Կան տվյալներ, որ ներքին արյունահոսությունն էլ կարող ենք դադարեցնել, իսկ դաշտային պայմաններում, մասնավորապես, զինծառայութան ընթացքում այն շատ  օգտակար  կարող է լինել»,- ասաց Վիգեն Թոփուզյանը:

Նրա խոսքերով՝ Վիլնյուսից մի մասնագետ է ժամանել Հայաստանը, որը ցանկանում է իր երկրում գրանցել «Գանգլերոնը»:

«Լիտվացի բժիշկներն ասել են՝ Հայաստանում կա մի դեղ, որը մեր հիվանդների համար կարող է օգտակար լինել: Ուստի տվյալ մասնագետը եկել է Հայաստան և փորձում է մեր դեղը գրանցել նաև Լիտվայում: Բանակցություններն ընթանում են և հիմա համապատասխան փաթեթն ենք պատրաստում»,- նշեց Վիգեն Թոփուզյանը:

Նրա խոսքերով՝ դեղերի ներդրումը երկար տարիներ է տևում, երբեմն` տասնյակ տարիներ:

«Ակտիվ միացություն գտնելը քիչ է, հետո գալիս է նախակլինիկայի փուլը, որի ժամանակ ստուգվում է դեղանյութի անվտանգությունը, պտղի վրա ազդելու ընդունակությունը և այլն, որից հետո մտնում է կլինիկական փուլ»,- ասաց նա:

Ըստ Վ.Թոփուզյանի՝  պետությունը ֆինանսավորում է միայն ակտիվ միացությունը գտնելու  փուլը, իսկ մնացած փուլերի համար պետական աջակցություն չի տրամադրվում. «Նախակլինիկայի ժամանակ փորձում ենք ինչ-որ բան անել, բայց կլինիկակական փորձաքննության ժամանակ մենք իրավունք չունենք ինչ-որ բան անել: Հեղինակը իրավունք չունի կազմակերպելու կլինիկական հետազոտություն, ինչը շատ լավ է: Հեղինակը չպետք է մասնակցի այդ ամենին, որպեսզի ճիշտ պատկերը երևա»: 

Նրա խոսքերով՝ այսօր ինստիտուտում կա մոտ 25 միացություն, որոնց մի մասն անցել են նախակլինիկայի փուլը, իսկ կլինիկական փուլ չեն կարողանում հասցնել, քանի որ, ըստ Վ.Թոփուզյանի, անհրաժեշտ գումար չկա:

«Սակայն դա չի խանգարում  և Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի գիտնականները շարունակում են զբաղվել նոր դեղերի մշակմամբ»,- ընդգծեց Վ.Թոփուզյանը:

Նշենք, որ ի տարբերություն հանրապետությունում այսօր գործող դեղագործական բոլոր ընկերությունների` Լ.Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը ոչ թե արտերկրից է բերում դեղերի հումքը, այլ տեղական հումքով դեղ արտադրող միակ հիմնարկությունն է:

Placeholder
Դեղեր, որ արտադրվում են Հայաստանում՝ հայկական հումքով ու պահանջարկ ունեն արտերկրում