Արամի 30 հասցեում գտնվող շենքը կարող էր մնալ՝ մինչև ճակատագիրը որոշվեր. նախարար
Մշակույթ
18:57 03/02/2016
Հայաստան

Արամի 30 հասցեում գտնվող շենքը կարող էր մնալ՝ մինչև ճակատագիրը որոշվեր. նախարար

«Դեռևս չորս տարի առաջ, որ խնդիր էր դրված և մենք ասել  էինք, որ այդ պահին Արամի 30 հասցեում գտնվող շենքը դեմոնտաժի կարիքը չկա, հնարավոր է այդ շենքը տեղափոխել և օգտագործել»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, թե Երևանում ամեն մի հին շենք քանդելու դեպքը տխրեցնում է քաղաքացիներին, կա՞ ծրագիր, որը կարող է կյանքի կոչվի, որ հասարակ մարդիկ չտխրեն ու չզայրանան:

Նախարարի խոսքով, Արամի 30 հասեցում քանդված շենքի տեղում որևէ կառուցապատում չի լինելու. «Այն քանդվել է փողոցը լայնացնելու համար: Այդ տարածքն չէր գտնվում տվյալ կառուցապատողի ամրացված հողամասի սահմաններին: Նա, անշուշտ, կարող էր, իմ կարծիքով, շենքը, հատկապես  գիշերային ժամին, չքանդել: Կարող էր շենքը մնալ մինչև ճակատագիրը որոշվեր»:

Միաժամանակ Ն.Սարգսյանն ասաց, որ շենքն ընդգրկված չի եղել պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, նաև միջավայրային արժեք չէր ներկայացնում, ի տարբերություն Պուշկին փողոցի վրա գտնվող շենքերի: 

Նախարարը տեղեկացրեց, որ ինքը դիմել է «Հին Երևան» նախագծի հեղինակին, որպեսզի Արամի 30 շենքն ընդգրկվի «Հին Երևան» ծրագրում:

Այս ծրագրի հետ կապված Նարեկ Սարգսյանն ասաց, որ մի քանի ամսից կսկսվեն լայնածավալ աշխատանքներ. «Այս տարի «Հին Երևան» ծրագրի մասով տեսանելի արդյունքներ կգրանցվեն»:

 

Placeholder
Արամի 30 հասցեում գտնվող շենքը կարող էր մնալ՝ մինչև ճակատագիրը որոշվեր. նախարար