Ու՞ր  է գնացել վարկերի  92 տոկոսը. ԲՀԿ-ական պատգամավոր
Տնտեսություն
13:37 04/02/2016
Հայաստան

Ու՞ր է գնացել վարկերի 92 տոկոսը. ԲՀԿ-ական պատգամավոր

Գյուղատնտեսությանն ուղղված վարկերն այս տարի կազմել են 186 մլրդ դրամ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ նշելով, որ այս ոլորտին ուղղվել է ընդհանուր վարկերի 8-9 տոկոսը:

«Ու՞ր  է գնացել վարկերի  92 տոկոսը: Սա այն ոլորտն է որը տնտեսական աճ է ապահովում՝անգամ իր այս աչքաթող եղած վիճակով: ՀՆԱ-ի մեջ 20 տոկոս աճ է ապահովել գյուղատնտեսությունը »,-նկատեց պատգամավորը:

Նրա խոսքերով, վերամշակվող ընկերություններին պետք է տրամադրվի էժան վարկեր, անգամ ձրի վարկեր:

ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանի դիտարկմամբ, գյուղատնտեսությունն ամենածանր բնագավառն է. «Գյուղատնտեսության վրա մեծ ներդրումներ պետք է արվի: Սակայն գյուղացին վարկերը վերցնում է, շահույթ չի ստանում և մնում է այդ վարկերի մեջ: Մենք պետք է ավելի խորքային խնդիրներ լուծենք»:

Անդրադառնալով գրանցված դաբաղի դեպքին՝ Ալեքսանյանը նկատեց, որ մամուլի արձագանքը դրա նկատմամբ համաչափ չի, հնչեղությունը շատ մեծ էր. «Մեր կազմակերպությունների աշխատանքի պակասը կա, դա չեմ ժխտում: Բայց ՌԴ կողմից որոշ սննդատեսակների արգելքը իմ կարծիքով միայն դաբաղի հետ չի կապված»:

Ըստ Ալեքսանյանի՝ մեր երկրի սխալն այն է եղել, որ առանց ֆունդամենտի ցանկանում են ազատ շուկայական հարաբերություն ստեղծել:

 

Placeholder
Ու՞ր է գնացել վարկերի 92 տոկոսը. ԲՀԿ-ական պատգամավոր