Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է
Մշակույթ
17:18 05/02/2016
Հայաստան

Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է. այսօր կդառնար 59 տարեկան:

Ֆ.Մարտիրոսյանը ծնվել է 1957թ. փետրվարի 5-ին Գյումրիում: Դպրոցին զուգահեռ ավարտել է նաև Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը: 1973թ.-ից սկսել է հանդես գալ ռադիոյով և հեռուստատեսությամբ: Այնուհետև` ուսումը կոնսերվատորիայում շարունակելու համար տեղափոխվել է Երևան:

1978թ.-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած միջազգային փառատոնի մրցանակակիր. առաջին միջազգային հաջողությունն է եղել: Այնուհետև Գուսան Աշոտի «Ծովաստղիկը» Ֆլորա Մարտիրոսյանի կատարմամբ 15 տարի շարունակ ճանաչվել է տարվա լավագույն երգ: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի ավելի քան 60 երկրներում:

1991թ.-ին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հայրենիք է վերադարձել 1995թ.-ին և շարունակել իր երաժշտական գործունեությունը:

1997-2001թթ. ղեկավարել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը: 2002թ.-ին Լոս-Անջելեսում` Հոլիվուդ և Բրբենկ քաղաքներում հիմնել է անվան երաժշտական դպրոցները, որոնք շատ կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում են բերել անվանի երգչուհուն:

2006-2007թթ.-ին առաջին անգամ Հայաստանում նախաձեռնել և անցկացրել է համահայկական միջազգային մրցույթը, որին մասնակցել է շուրջ 2000 հայ երեխա` Հայաստանից և այլ երկրներից:
2007թ.-ին հիմնել է բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվելու են աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր, իրենց ձայն բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների, «Այլևս երբեք» կարգախոսով:

2011 թ. նոյեմբերի 1-ին, Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի է ունեցել առաջին համերգը, որին մասնակցել են  Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը,Բոբի Բրաունը և շատ ուրիշներ:

Մահացել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով: Երգչուհու աճյունը տեղափոխվել է Հայաստան:


Placeholder
Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է