Մինսկի գրքի ցուցահանդեսում ՀՀ-ն ներկայացնելու է 200 միավոր գրականություն. Միլիտոնյան
Մշակույթ
13:30 06/02/2016
Հայաստան

Մինսկի գրքի ցուցահանդեսում ՀՀ-ն ներկայացնելու է 200 միավոր գրականություն. Միլիտոնյան

Մինսկի 23-րդ գրքի ամենամյա միջազգային ցուցահանդես-տոնավաճառում  Հայաստանն ունենալու է 50 քմ տարածք՝ ներկայացնելով 200 միավոր գրականություն՝ գեղարվեստական, հոբելյանական, պատմամշակութային, գիտահանրամատչելի, մանկական, թարգմանական: Ներկայացվելու է վերջին երկու տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ լույս տեսած հայերեն և օտարալեզու գրքեր: Panorama.am-ին տեղեկացրեց հայաստանի Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:

Նա նշեց, որ Հայաստանը վերջին տասը տարվա ընթացքում մասնակցել է Մինսկի գրքի միջազգային բոլոր  ցուցահանդես-տոնավաճառներին, այս տարի հանդես է գալու Պատվո հյուրի կարգավիճակով. «Կազմակերպիչներն են որոշում, առաջարկում են, եթե համաձայն է լինում տվյալ երկիրը, այդպես էլ լինում է: Ամեն տարի մի երկրի առաջարկվում է»:  

Տարբեր տարիներին Պատվո հյուրի կարգավիճակով մասնակցել են՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Իսրայելը, Ղազախստան, Ֆրանսիան, Գերմանիան, Վենեսուելան, Չինաստանը:

Է.Միլիտոնյանը կարևորեց  միջազգային ցուցահանդեսներին մասնակցելը, նշեց, որ այն տալիս է տարբեր  գրողների, հրատարակիչների, թարգմանիչների հետ համագործակցություն, տարբեր երկրների հետ ծրագրերի քննարկում:

Նշենք, որ Մինսկի 23-րդ գրքի ամենամյա միջազգային ցուցահանդես-տոնավաճառը կայանալու է փետրվարի 10 -14-ը: belarus.by-ի համաձայն, այս տարի սպասվում է Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների հրատարակիչների ակտիվ մասնակցություն: Կազմված է մշակութային և գործնական ծավալուն ծրագիր: 
 

Placeholder
Մինսկի գրքի ցուցահանդեսում ՀՀ-ն ներկայացնելու է 200 միավոր գրականություն. Միլիտոնյան