Հանրապետության լավագույն դպրոցները՝ ըստ վարկանիշավորման
Կրթություն, գիտություն
12:50 06/02/2016
Հայաստան

Հանրապետության լավագույն դպրոցները՝ ըստ վարկանիշավորման

Այս արդյունքները կարևոր են դպրոցների տնօրենների և մանկավարժների համար, որպեսզի կարողանան հասկանալ, թե որտեղ է դպրոցի խնդիրը, որտեղ՝ առավելությունը:  Այսօր հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման  հերթական արդյունքները ներկայացնելիս լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքերով, վարկանիշավորման խնդիրը դրված է ախտորոշման, եղած խնդիրները վեր հանելու մեջ:

Նախարարը հայտնեց, որ առաջատար եռյակում են հայտնվել համապատասխանաբար՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր հիմնական դպրոցը, Գյումրու Բայրոնի անվան թիվ 20 հիմնական դպրոցը, Երևանի Մ. Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցը:

Ոչ պետական դպրոցների անվանակարգում առաջինից երրորդ տեղերում են ք. Երևանի «Քվանտ» վարժարանը, «Այբ» կրթական հիմնադրամ հանգույցը և Վաղարշապատի Մ. Ա. Ս. Էջմիածնի Էօրնեկեանի անվան մ/դ:

2015 թվականի արդյունքներն ամբողջությամբ ներկայացված են http://schoolrate.armedu.am կայքում, որտեղ շահառուները հնարավորություն ունեն կատարել ցուցանիշների ընտրություն և ստանալ դպրոցների վարկանիշավորման սանդղակ` իրենց համար նախընտրելի չափանիշներով:

ՀՀ-ում պետական տարրական և ոչ պետական հիմնական դպրոցների վարկանիշավորում չի կատարվել դրանց սակավաթվության պատճառով:

Վարկանիշավորման արդյունքները ներկայացվել են պետական և ոչ պետական, մարզային, ինչպես նաև հանրապետական դպրոցների կտրվածքով: 

«Վարկանիշավորումը  կարևոր է նաև նախարարության համար, որպեսզի խրախուսի լավագույններին: Վարկանիշավորումը թույլ է տալիս գտնելու, թիրախավորելու մեր աջակցության կարիքն ունեցող դպրոցներին»,-նշեց Աշոտյանը՝ դժգոհողներին խնդրելով դժգոհել նաև հենց իրենց աշխատանքից, հասկանալ, թե որ ցուցանիշով են հետ ընկել:

Հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման գործընթացը մեկնարկել է 2013 թվականից: 2013 թվականին մշակվել և սահմանվել են ցուցանիշները, դրանց հաշվարկի մեթոդաբանություններն ու յուրաքանչյուր ցուցանիշի հստակ ազդեցության չափը ընդհանուր վարկանիշի արժեքի վրա։ Հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգի ցուցանիշները, դրանց կշիռները և հաշվարկի միավորային համակարգը վերջնական տեսքի են բերվել 2013 և 2014 թթ.-ին իրականացված փորձարկման և դպրոցների և այլ շահառուների հետ հետադարձ կապի ապահովման արդյունքում:

Հիմք ընդունելով ՀՀ հանրակրթական համակարգի կառուցվածքը և համակազմի 2014-2015 ուստարվա վիճակագրական տվյալները` դպրոցները բաժանվել խմբերի են հետևյալ չափանիշներով`

ա/ ըստ կազմակերպաիրավական ձևի և ենթակայության` պետական և ոչ պետական,

բ/ ըստ աշխարհագրական դիրքի կամ տեղակայման` քաղաքային և գյուղական,

գ/ըստ կրթական ծրագրերի աստիճանի (տիպի)` տարրական, հիմնական, միջնակարգ և ավագ, վարժարան,

դ/ ըստ սովորողների թվի - մեծ, միջին և փոքր:

Placeholder