Ավելի քան երկու տասնյակ ֆիլմ՝ «Web Ծիրան»-ի շրջանակում
Մշակույթ
09:13 06/02/2016
Հայաստան

Ավելի քան երկու տասնյակ ֆիլմ՝ «Web Ծիրան»-ի շրջանակում

««Web Ծիրան»  համահայկական օնլայն 5-րդ կինոփառատոնը ստացել է 21 հայտ: Նախնական որևէ ընտրություն չի եղել, ներկայացված բոլոր ֆիլմերը ցուցադրվում են»,- Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց կինոքննադատ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը:

Նշենք, որ  կինոփառատոնի ֆիլմերի ընդունումն ավարատվել էր  հունվարի 25-ին: Փառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվում են բացառապես webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ՝  փետրվարի 1- 29-ը:

Ր.Մովսիսյանն ասաց, որ նախորդ տարվա համեմատ այս տարի երեքով ավելացել են ներկայացված ֆիլմերը, իսկ որակական առումով գրեթե տարբերություն չկա:

«Հիմնականում երիտասարդ ռեժիսորներ են մասնակցում կինոփառատոնին: Ժանրային  սահմանափակումներ չկան: Փառատոնի հիմնական նպատակը կինոյի տարածման համար հարթակ ստեղծելն է»,-  նշեց նա՝ հավելելով, որ փառատոնը խրախուսում է նաև տեխնոլոգիական նոր միջոցներով՝ բջջային հեռախոսներով, պլանշետներով, սմարտֆոններով նկարահանած կարճ ֆիլմերը:

Փառատոնի կազմակերպիչն է «Ոսկե ծիրան»  Երևանի միջազգային կինոփառատոնը և  webtv.am մշակութային ինտերնետ-հեռուստատեսությունը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր գործընկերությամբ:

«Web Ծիրան»  համահայկական օնլայն 5-րդ կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն 2016 թ. մարտի առաջին տասնօրյակում՝ հատուկ մրցանակաբաշխության ժամանակ: Արդյունքները կամփոփի պրոֆեսիոնալ ժյուրին: Սահմանվել է 1 գլխավոր և  խրախուսական  2 մրցանակ:  Գլխավոր մրցանակակիրը կպարգևատրվի  400.000 ՀՀ դրամով  և հատուկ դիպլոմով: Մյուս հաղթողները կպարգևատրվեն Խրախուսական մրցանակով՝ հատուկ դիպլոմով:

Ինչպես գլխավոր, այնպես էլ մյուս մրցանակակիրները կստանան նաև պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից 10 օր անվճար օգտվելու հնարավորություն: Ցուցադրման ընթացքում ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակին և հատուկ դիպլոմի:

Placeholder
Ավելի քան երկու տասնյակ ֆիլմ՝ «Web Ծիրան»-ի շրջանակում