Ս. Կարայան. Ավելի քան 30 հայաստանցիներ կարող են ընդգրկվել ԵԱՏՄ Հանձնաժողովի աշխատակազմում
Տնտեսություն
11:25 08/02/2016
Հայաստան

Ս. Կարայան. Ավելի քան 30 հայաստանցիներ կարող են ընդգրկվել ԵԱՏՄ Հանձնաժողովի աշխատակազմում

Հայաստանի քաղաքացիների համար ԵՏՄ տարբեր ստորաբաժանումներում հաստիքներ կբացվեն: ԵԱՏՄ պայմանագրով սահմանված դրույթների համաձայն, Հայաստանի՝ ավելի քան 30 քաղաքացի կարող է ընդգրկվել ԵԱՏՄ Հանձնաժողովի անձնակազմում: 

Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը:

Նրա ներկայացմամբ, ԵԱՏՄ պայմանագրով նախատեսվում է անդամ պետությունների քաղաքացիների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար կազմում մասնակցության հավասարության սկզբունք, ըստ այդմ Կոլեգիայի անդամների, դեպարտամենտների ղեկավարների և նրանց տեղակալների թվաքանակի մեկ հինգերորդ մասը պետք է ներկայացված լինեն անդամ երկրների քաղաքացիներից՝ հաշվի առնելով, որ այժմ ԵԱՏՄ կազմում ներգրավված են հինգ երկրներ:

«ԵԱՏՄ պայմանագիրը ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 1-ից , որով սահմանված է, որ մինչև 2016 թվականի փետրվար ԵԱՏՀ կգործի Մաքսային միության հանձնաժողովի կառուցվածքով և համապատասխանաբար նրանում ընդգրկված աշխատակիցները կշարունակեն իրենց գործունեությունը մինչև այդ ժամկետի ավարտը: Հավասար ներկայացվածության սկզբունքը ապահովվել էր միայն ԵԱՏՀ կոլեգիայի կազմում, որտեղ 2015 թվականից նշանակվել էին Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ»,- ասաց Կարայանը:

Նրա խոսքով, 2016 թվականի փետրվարից ամբողջապես պետք է կիրառվի անդամ երկրների քաղաքացիների հավասար ներկայացվածության սկզբունքը: Ըստ նախնական պայմանավորվածության, դեպարտամենտների 5 տնօրենների, դեպարտամենտների տնօրենների 13 տեղակալների հաստիքներում պետք է նշանակվեն հայաստանցիներ:

«Այժմ ՀՀ կառավարությունը անդամ երկրների կառավարությունների հետ համատեղ քննարկում է ԵԱՏՄ հանձնաժողովի նոր կառուցվածքը, ըստ որի նախատեսվում է 25 դեպարտամենտի տնօրենի և 65 դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոններ: Միաժամանակ քննարկվում է ըստ ոլորտների դեպարտամենտների տնօրենների և դրանց տեղակալների հաստիքների բաշխման հարցը, և մենք աշխատանքներ ենք իրականացնում Հայաստանի Հանրապետության համար առավել կարևորություն ներկայացնող ոլորտներում հաստիքներ ստանալու համար»,-ասաց փոխնախարարը:

Նա ընդգծեց, ԵԱՏՄ պայմանագիրը սահմանում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այլ պաշտոններում ևս պետք է ապահովվի անդամ պետությունների քաղաքացիների ներկայացվածություն:

Այս դեպքում սահմանվում է, որ այն պետք է համապատասխանի Հանձնաժողովի ֆինանսավորման մեջ անդամ պետության բաժնեմասին (Հայաստանի Հանրապետության համար 1.11 տոկոս), որը Հայաստանի դեպքում նշանակում է շուրջ 11 հաստիքներում ՀՀ քաղաքացիների ներկայացվածություն:

Placeholder
Ս. Կարայան. Ավելի քան 30 հայաստանցիներ կարող են ընդգրկվել ԵԱՏՄ Հանձնաժողովի աշխատակազմում