Պաշտոնապես առաջադրվել է Օմբուդսմենի 3 թեկնածու
Քաղաքական
17:52 09/02/2016

Պաշտոնապես առաջադրվել է Օմբուդսմենի 3 թեկնածու

ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված թեկնածուները 3-ն են` Արման Թաթոյանը` Հանրապետական խմբակցության կողմից, Զարուհի Փոստանջյանը` ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից և իրավապաշտպան Նարեկ Ալոյանը` Տիգրան Ուրիխանյանի կողմից: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեցին ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովից:

Ուրիխանյանը հասցրել է առաջադրումների վերջին պահին ներկայացնել իր թեկնածուին: Նշենք, որ Ուրիխանյանը, որը նախկինում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ էր, ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի անդամ է և ավտոմատ իրավունք ունի առաջադրել իր թեկնածուին:

Ավելի վաղ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ Տիգրան Ուրիխանյանը խախտել է իրենց պայմանավորվածությունը և ԱԺ պետա-իրավական հանձնաժողովին է ներկայացրել ոչ թե «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածու Մակար Եղիազարյանի թեկնածությունը, այլ հանդես եկել սեփական թեկնածուով:

Նշենք, որ թեկնածուների առաջարդման ժամկետն ավարտվում է այսօր ժամը 18:00-ին: Իսկ թեկնածուների մասին քննարկումը ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովում կկայանա փետրվարի 12-ին:

Placeholder
Պաշտոնապես առաջադրվել է Օմբուդսմենի 3 թեկնածու