Հին ձեռագրերի թվայնացման գործընթացը Մատենադարանում նոր թափով է շարունակվում
Մշակույթ
09:19 10/02/2016
Հայաստան

Հին ձեռագրերի թվայնացման գործընթացը Մատենադարանում նոր թափով է շարունակվում

Մատենադարանի շուրջ 4700 ձեռագիր արդեն թվայնացվել է: Վեց հայուրից ավելի ձեռագիր թվայնացվել է նախորդ տարի: Panorama.am-ին  տեղեկացրեց  Մատենադարանի Թվայնացման և կայքէջի սպասարկման բաժնի աշխատանքների համակարգող Գուրգեն Գասպարյանը:

Նշենք, որ ձեռագրերի թվայնացման գործընթացը սկսվել էր 2007 թվականից:

«Ամեն տարի թվայնացնում ենք շուրջ 600-700 ձեռագիր: Անցած տարի 650 ձեռագիր ենք թվայնացրել, այսինքն՝ ամեն օր մոտ երկու ձեռագիր թվայացնում ենք, ինդեքսավորում ու տեղադրում շտեմարանում»,- նշեց նա:

Գ. Գասպարյանի խոսքով,  2015 թվականին Գիտության պետության կոմիտեի և Մատենադարանի հովանավորների միջոցով  ձեռք են բերել թվայնացման ևս երկու սարք, որոնք այս տարվա սկզբից գործարկում են. «Այս տարվա ընթացքում թվայնացված ձեռագրերն արդեն ավելի մեծ թիվ կկազմեն»:

Թվայնացված ձեռագրերի  շտեմարանից, ըստ նրա, օգտվողները  բավականին շատ են

«Բոլոր ցանկացողները կարող են օգտվել, բայց պետք է հետևեն Մատենադարանի մշակած կարգին: Նրանք, ովքեր ցանկանում են օգտվել, նախ պետք է գան Մատենադարան, դիմում ներկայացնեն իրենց հաստատություններից, նշեն, թե ինչ թեմայով են զբաղվում, պատվիրեն ձեռագիր: Մենք ընթերցասրահում հատուկ 13 կետ ունենք, որտեղ իրենք նստում են և համակարգիչների վրա ուսումնասիրում թվայնացված պատկերները: Նաև արտասահմանում ապրող հայագետներն են պատվերներ ուղարկում: Մենք կրկին հատուկ կարգով ուղարկում ենք նրանց իրենց ցանկացած ձեռագրի թվայնացված էջերը՝ ուսումնասիրության համար»,-  ներկայացրեց Գ. Գասպարյանը:

Նա նշեց, որ թվայնացման գործընթացում Մատենադարանն առաջնահերթություն է տալիս հայերեն ձեռագրերին. «Նաև թվայնացնում ենք այն ձեռագրերը, որոնք պատվիրում են: Դրանք կարող են լինել նաև օտարալեզու»:

Դեռևս 2007 թվականի կեսերին Պիեռ Գյույումջյանի նվիրաբերած թվայնացման սարքով Մատենադարանում հիմք դրվեց հին ձեռագրերի թվայնացման աշխատանքներին: Դրան հաջորդեց Ավստրիայի «Վեստիջիա» ձեռագրերի հետազոտման կենտրոնի հետ Մատենադարանի կնքած համագործակցության պայմանագիրը, որի արդյունքում, որպես առաջին քայլ, Վեստիջիան Մատենադարանին տրամադրեց «Traveller TCCS 4232» մակնիշի մեկ (1) թվայնացման սարք: Այս երկու սարքերը հնարավորություն են տալիս լուծելու Մատենադարանի ձեռագրական հավաքածուների տվյալների շտեմարանի ստեղծման կարևորագույն խնդիրը, ինչը նոր տեխնոլոգիաների կիրառման հիմնաքարն է և միաժամանակ լուծում է ձեռագրերի պահպանության և անվտանգության բազմաթիվ խնդիրներ: Ձեռագրերի թվայնացումը ժամանակի հրամայականն է առաջին հերթին այն պատճառով, որ նյութական հիմք ունեցող մշակութային արժեքները վաղ թէ ուշ մաշվում են, այնինչ նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս անխաթար պահպանել այդ արժեքների թվային պատկերները և փոխանցել ապագա սերունդներին։

Մատենադարանում են պահվում ավելի քան 23.000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ։  Պարսկերեն, արաբերեն, օսմաներեն, աֆղաներեն, ուզբեկերեն ձեռագրերն անցնում են 3000-ից:

Placeholder
Հին ձեռագրերի թվայնացման գործընթացը Մատենադարանում նոր թափով է շարունակվում