Սերգեյ Մինասյան. Ճի՞շտ է խուսափելը նախաձեռնություններից, որոնք դուրս են  Մինսկի խմբի շրջանակից
Քաղաքական
15:22 10/02/2016
Հայաստան

Սերգեյ Մինասյան. Ճի՞շտ է խուսափելը նախաձեռնություններից, որոնք դուրս են Մինսկի խմբի շրջանակից

«Արդյո՞ք ճիշտ է այն մոտեցումը, որ  պետք է խուսափել յուրաքանչյուր նախաձեռնությունից, որը դուրս է Մինսկի խմբի շրջանակից և եթե խոսքը գնում է ռազմաքաղաքական ոլորտի մասին, որևէ նախաձեռնության չպետք է գնալ»,-«Եվրոպական կառույցներում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ընդունված բանաձևերի քաղաքական նշանակությունը» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց քաղաքագիտության դոկտոր, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Ըստ նրա, եթե հայկական կողմը չի տեսնում որևէ հնարավորություն, որ բանաձևերի  արդյունքում կարող է ստանալ  որևէ դրական զարգացում  Արցախի հիմնահարցում և ռազմաքաղաքական, և բանակացային առումով, պետք է փորձել խուսափել:

«Արդյո՞ք սա նշանակում է, որ պետք է լիովին խուսափել տարբեր միջազգային հարթակներում աշխատելուց: Բնականաբար, պետք է աշխատել, բայց մյուս կողմից հասկանալ, որ այդ բոլոր բանաձևերի ընդունումը կամ չընդունումը որևէ ձևով իրականում չի ազդելու  բանակցային գործընթացի վրա»,- ասաց քաղաքագետը:

Ս. Մինասյանի կարծիքով, եթե լինեն նույնիսկ տասնյակ ոչ հայանպաստ բանաձևեր, որևէ ձևով դրանք չեն կարող նպաստել Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման վտանգին:  Նրա խոսքով, Ադրբեջանը չի սկսում ռազմական գործողություններ ելնելով հենց զսպիչ գործոններից՝ նախ  և առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներգրավածությունից:

«Ընդհակառակը, հենց այն պահին, երբ Ադրբեջանը քաղաքական, ռազմատեխնիկական առումով մտածի, որ իրավիճակը ձեռք է տալիս իրենց վերկսկել ռազմական գործողությունները, նա կգնա այդ քայլին՝ նույնիսկ չունենալով որևէ քաղաքական կամ իրավական հիմնավորում»,- նշեց նա: 

Ս. Մինասյանի խոսքով, իհարկե, լավ չէ, հաճելի չէ, որ ԵԽԽՎ մակարդակով  հակահայ բանաձևեր են ընդունվում,  միաժամանակ ընդգծեց, որ այդ բանաձևերը չեն ազդելու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում ռազմաքաղաքական իրավիճակի վրա:


 

Placeholder
Սերգեյ Մինասյան. Ճի՞շտ է խուսափելը նախաձեռնություններից, որոնք դուրս են Մինսկի խմբի շրջանակից