Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բագրատյանի առաջարկի հետքերով. «Պակաս կարևոր չէ, թե ինչքանով են համատեղելի այդ ուժերը»
ԱԺ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն օրեր առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ 2017-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր ուժերը կարող են հաղթանակ տոնել, եթե կոալիցիա կազմեն: Նա նաև նշեց, որ համագործակցության առաջարկություն է արել «Ազատ դեմոկրատներ», «ՀԱԿ», «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», ՀՀՇ կուսակցություններին:
Panorama.am-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամլո խոսնակ, վարչության անդամ Անժելա Խաչատրյանը նշեց, որ ընդդիմադիր դաշտի համախմբումը, ինչի մասին խոսել է Բագրատյանը, ինքնին դրական երևույթ է, սակայն պակաս կարևոր չէ նաև հաշվի առնել թե ինչքանով են համատեղելի համախմբվող ուժերը։
««Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը միշտ խոսել է այդ մասին, որ համախմբումը պետք է լինի ընդհանուր գաղափարական հենքի վրա, այսինքն տվյալ ուժերի պատկերացումները թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական ու աշխարհաքաղաքական մարտահրավերների շուրջ պետք է համընկնեն»,-ասաց Ա. Խաչատրյանը:
Նա նաև մանրամասնեց, ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանի հրավերին, ապա եղել է ոչ թե հրավեր, այլ քննարկումներ և ոչ միայն Բագրատյանի, այլև այլ քաղաքական ուժերի ու անհատների հետ։
«Այդ քննարկումներն եղել են ու ընթացքի մեջ են, դրանք նոր չէ որ սկսվել են և մեկ օրվա խնդիր էլ չէ՝ մենք ուզում ենք համախմբենք իրապեա ազատական մտածողությամբ անհատների և ուժերի»,-ասաց մամլո խոսնակը:
ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ հրավեր չի եղել, բանավոր խոսել են:
«ՀԱԿ-ը դեռ որոշում չի կայացրել»,-ասաց նա:
ԱԺ պատգամավոր, ՀՀՇ-ական Ալեքսանդր Արզումանյանն անդրադառնալով հարցին, նշեց. «Տասը տարի է՝ ասում ենք, որ բոլոր լիբերալ ուժերը պետք է միավորվեն ու միասին հանդես գան, ի՞նչ նորություն կա այդտեղ, որ այդքան զարմացրել է»:
Կուսակցությունը դեռ որոշման մասին հայտարարություն չի անի. «Ես Հրանտին ճանաչում եմ 30 տարի, մենք բոլոր լիբերալ ուժերի հետ էլ քննարկում ենք հնարավորությունները, ժամանակը կգա, կասենք»:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն անդրադառնալով հարցին, երեկ ասել էր, որ հարցը պետք է քննարկի կուսակցությունը: Քննարկելուց ու որոշում կայացնելուց հետո տեղեկատվություն կտրամադրվի: