Հին Երևան, թե «Հին Երևան». Գրականագետ Հովիկ Չարխչյան
Մշակույթ
10:00 11/02/2016
Հայաստան

Հին Երևան, թե «Հին Երևան». Գրականագետ Հովիկ Չարխչյան

««Հին Երևան» նախագիծն այլ բան չէ, քան թատերական դեկորացիա, արհեստածին կահավորանք, տեսողական խաբկանք, որն ընդհանուր ոչինչ ունենալ չի կարող իրական պատկերի հետ: Քաղաքի պատմական շերտը չեն հորինում և ոչ էլ թքում-կպցնում են: Այն կամ կա, կամ չկա: Եղել է հին Երևանը, եղել է անկրկնելի ու ինքնատիպ: Հիմա այն ջնջված է: Եվ այդ բացակայությունը քողարկելու մտադրությամբ ավերակների բեկորներից դիմանկար ստեղծելու փորձերը, մեղմ ասած, այնքան էլ բարոյական ու ազնիվ չեն: Օրինակ, երբ ասում ենք «գիրք», նկատի ունենք ոչ թե շապիկը, այլ բովանդակությունը: Հիմա նույնը բանն է «Հին Երևան» նախագիծը: Դա շապիկ է առանց բովանդակության: Դա բարբարոսության պարտակում է գույնզգույն փաթեթավորման մեջ: Պատմությունը պետք է պահպանել այն միջավայրում, որտեղ նա ստեղծվել է: Սա անվիճարկելի պրակտիկա է, որ գործում է աշխարհի բոլոր անկյուններում: Հնագետներն ու մշակութաբանները կհաստատեն խոսքերս, որ պատմական հուշարձանի նույնիսկ մի քարը չի կարելի տեղափոխել իր նախնական վայրից, էլ ուր մնաց, թե ամբողջական շինություններ:

Ինչ վերաբերում է հնի ու նորի հակադրմանը, ապա սա ևս ախտածին մտայնություն է: Չի կարող մեկի գոյությունը պայմանավորված լինել մյուսի վախճանով: Ինչպես որ նույն ընտանիքում հաշտ ու համերաշխ ապրում են ծերունին ու երեխան, այնպես էլ քաղաքում լիակատար ներդաշնակությամբ կարող են կողք-կողքի գոյատևել պատմականն ու արդին»:

ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 6-ի 1227-Ա որոշման (Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին) 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին պատվիրակվել էր՝ ապահովել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում, «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը: «Հին Երևան» նախագծի հեղինակն ու  ճարտարապետը Լևոն Վարդանյանն է: Ծրագրում ընդգրկված է 30 հուշարձան: 2014-ին ՀՀ կառավարությունն ի դեմս ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսի լիազորված անձ Գևորգ Մաչանյանի, համաձայնագիր է ստորագրվել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Նախնական հաշվարկներով, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 120-150 միլիոն դոլար: Ծրագրի ավարտի վերջնաժամկետն է 5 տարի: Նշվում է, որ այս տարի արդեն  կսկսվեն լայնածավալ աշխատանքներ: 

Placeholder
Հին Երևան, թե «Հին Երևան». Գրականագետ Հովիկ Չարխչյան