Ինչ ակնկալիքներ ունեն քրդերն ու ռուսները իրարից
Քաղաքական
17:51 11/02/2016
Աշխարհ

Ինչ ակնկալիքներ ունեն քրդերն ու ռուսները իրարից

Ռուսական «Գազետա.ռու» պարբերականը անդրադարձել է   օրերս Մոսկվայում «Սիրիական Քրդստանի» պաշտոնական ներկայացուցչության բացմանը: Այս կապակցությամբ պարբերականը դիտարկում է անում, որ մի կողմից քրդերի հետ Ռուսաստանի դաշինքը կոչված է նրանց օգտագործելու ԻՊ-ի դեմ պայքարում և կարող է առաջացնել Անկարայի դժգոհությունը, իսկ մյուս կողմից էլ քրդերը մտավախություն ունեն, որ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմանալուց հետո, Կրեմլը կարող է այլևս քրդերի կարիքը չունենալ:

Շարունակելով՝ պարբերականը նկատում է, որ բացված ներկայացուցչությունը պաշտոնապես դառնում է աշխարհում երկրորդը, քանի որ նման ներկայացուցչություն քրդերը ունեն միայն Իրաքայան Քրդստանում, որն արդեն հասել է պաշտոնական Բաղդադից ինքնավարության: Հետևաբար, ըստ պարբերականի, պատահակ չէր, որ քրդերը ներկայացուցչության բացումը որակում էին պատմական:

Ինչպես նշվում է, ներկայացուցչությունը խոստանում է հանդես գալ ոչ միայն Սիրիայում ապրող քրդերի շահերի պաշտպանության դիրքերից, այլ նաև բոլոր էթնիկ քրդերի:

«Մեզ հետ զրույցում քրդերը հավաստիացնում էին, որ Քրդստանի ներկայացուցչություններ են բացվելու նաև Ֆրանսիայում, Գերմանիայում և հնարավոր է նաև ԱՄՆ-ում՝ չնայած այն հանգամանքին, որ քրդերի հակառակորդ Թուրքիան ՆԱՏՕ անդամ է, միևնույն է Արևմտյան բլոկը ի դեմս քրդերին տեսնում է որպես ԻՊ-ի դեմ պայքարում արժանի դաշնակիցների»,- գրում է պարբերականը:

Շարունակելով, պարբերականը նկատում է, որ թե Սիրիայի քրդերը և թե Իրաքի քրդերը լավ հարաբերություններ ունեն ԱՄՆ-ի հետ և հանդիսանում են Մերձավոր Արևելքում Բաշար Ասադի զորքերից հետո ԻՊ-ի դեմ պայքարող երկրորդ մեծ ուժը:

Անդրադառնալով քրդերին Ռուսաստանի կողմից տրվող օժանդակությանը՝ պարբերականը գրում է, որ Ռուսաստանը շատ զգուշորեն է հարցին մոտենում, պաշտոնապես ռազմական օգնություն չի ցույց տալիս նրանց, իսկ մոսկովյան ներկայացուցչության բացման արարողության ժամանակ էլ որևէ պաշտոնյա, անգամ դիվանագիտական կորպուսից՝ ներկա չի եղել:

«Մենք Ռուսաստանին որպես ռազմավարական դաշնակից ենք դիտարկում և դա չափազանց մեծ նշանակություն ունի մեր պետության համար: Ռուսաստանը մեզ սիրիական պատերազմում միջազգային արենայում դիվանագիտական մեթոդներով մեծ աջակցություն է ցուցաբերում»,- պարբերականի հետ զրույցում նշել է քրդերի ժողովրդական միավորում կուսակցության ներկայացուցիչ Աբու Սալին:

Շարունակելով, պարբերականը մեջբերում է քրդական սփյուռքի ներկայացուցիչների տեսակետն առ այն, որ քրդերը այդուհանդերձ մտավախություն ունեն, որ Ռուսաստանը կարող է որոշ ժամանակ անց հետ կանգնել քրդերին լուռ աջակցելու իր նախաձեռնությունից:

«Սփյուռքի ազդեցիկ դեմքերից մեկը պատմեց, որ ռուսական իշխանությունները վաղուց Անկարայի հետ բանակցություններ էին տանում Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդներին հանձնելու և փոխարենը Թուրքիայից ստանալու չեչեն անջատողականներին, սակայն կողմերը այդպես էլ համաձայնության չեն կարողացել գալ այդ հարցի շուրջ»,- գրում է պարբերականը:

Պարբերականի փոխանցմամբ, քրդերի գլխավորը նպատակը Մոսկվայի հետ հարաբերություններում վերջինից Սիրիայում պատերազմի ավարտից հետո քրդական ինքնավարություն ունենալուն ուղղված երաշխիքներ ստանալն է:

«Մեր զրուցակցի խոսքով, Պուտին-Ասադ փակ հանդիպման ժամանակ, Ասադը նման երաշխիքներ է տվել, սակայն քրդերը չեն հավատում այդ երաշխիքներին՝ պաշտոնական Դամասկոսի հետ տարիներ շարունակ ունեցած բարդ հարաբերությունների պատճառով»,- գրում է պարբերականը:

Պարբերականը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ քրդական ներկայացուցչության բացմանը ներկա էին նաև Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչներ՝ մասնավորապես Դոնբասի կամավորների միության հիմնադիր ղեկավար Ալեքսանդր Բորոդայը:

Պարբերականի փոխանցմամբ, վերջինս նշել է, որ նրա և քրդերի հետ հարաբերությունները նոր են սկսում զարգանալ և որ  առաջինը կապ են փորձել հաստատել քրդերը:

Սակայն պարբերականը այս կապակցությամբ գրում է, որ ռուս-թուրքական հարաբերություններում լարվածության ի հայտ գալուց հետո Կրեմլում քննարկվել է քրդական հարցը և որ կրեմլյան աղբյուրների փոխանցմամբ, Բորոդայն ինքն է հենց փորձել կապեր հաստատել քրդերի հետ՝ չունենալով այդ առումով Կրեմլի հանձնարարականը:

Միաժամանակ, պարբերականը գրում է, որ Ուկրաինայում տարածված այն խոսակցությունները, թե Դոնեցկից և Լուգանսկից կամավորական ջոկատներ են ռուսական զորքերի հետ ուղարկվել Սիրիա, այնքան էլ այդպես չէ, իսկ դրանցված դեպքերն էլ շատ հազվադեպ են՝ պայմանավորված Դամասկոսի իշխանությունների հետ նման հարցերում ի հայտ եկող դժվարություններով:

Placeholder
Ինչ ակնկալիքներ ունեն քրդերն ու ռուսները իրարից