Եղանակը տաքացավ, դպրոցներում ջերմաստիճանը բարձրացավ
Կրթություն, գիտություն
11:15 11/02/2016
Հայաստան

Եղանակը տաքացավ, դպրոցներում ջերմաստիճանը բարձրացավ

Հիմա այլևս  ջեռուցման պատճառով չգործող դպրոցներ չկան: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

«Առաջին շաբաթվա ընթացքում Արմավիրում 10  դպրոց  չաշխատեց:  Հիմա արդեն աշխատում են»,-ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, դպրոցներում բավարար ջերմաստիճան ապահովելուն  մեծապես օգնեց եղանակի տաքանալը: ԿԳՆ ներկայացուցիչը խոտովանում է, որ շատ դպրոցներում նույնիսկ երկար ջեռուցման պարագայում դասասենյակները  չեն տաքանում: Նախարարությունում մտածում են՝ կաթսաներն ու ջեռուցման համակարգն են հին:

«Այս պահին բոլոր դպրոցներում ապահովված է 17-18 աստիճան տաքություն: Եթե դրանից ցածր աստիճան է  գրանցվում, սանէպիդկայանը փակել է տալիս: Հիմա եղանակը տաքանալու հաշվին բոլոր դպրոցներում էլ տաք են»,-ասաց նա:

Արմավիրում չգործող դպրոցներից մեկն էլ Պտղունք գյուղինն էր: Գյուղապետ Կարապետ Արթենյանը Panorama.am-ի հետ զրույցում  ասաց, որ դպրոցը վաղուց  չի վերանորոգվել, շենքը հին է: Բացի այդ էլ ջեռուցման համակարգ չկա:

«Ես տնօրենի հետ խոսացել եմ, ասել եմ վառելիքը շատացրել են, վառարաններ են մեր մոտ, ջեռուցում չկա: Մինչ այդ դասարաններում 12-14 աստիճան էր, հիմա նորմալ է ամեն ինչ»,-ասաց գյուղապետը:

Արթենյանի ներկայացմամբ, դպրոցի պատուհանները հին են, դռները հերմետիկ չեն փակվում, միջանցքներում քամի է, դրա համար էլ ջերմաստիճանը չէր բարձրանում: Դասերի վերսկսման առաջին շաբաթում հաճախելիությունն էլ ցածր է եղել՝ 60-70 տոկոս, իսկ հիմա ավելի մեծ է՝ 90-ից ավելի:

Համայնքի ղեկավարի համար կարևորն այն է, որ ապրիլին Ասիական բանկից ստացած վարկային միջոցներով նաև գյուղի դպրոցն է կառուցվելու:

«Մի քանի օր առաջ եկել էին նախարարության պատասխանատուները, ապրիլից նոր դպրոցը սարքում ենք,  նոր պրոեկտը կա, ամեն ինչը կա,  համաձայնեցումները կան: Աստծո հաջողությամբ, մենք նոր դպրոց ենք ունենալու»,-ասաց գյուղապետը:

Placeholder
Եղանակը տաքացավ, դպրոցներում ջերմաստիճանը բարձրացավ