Մայր թատրոնի վերանորոգված բեմում ներկայացվելու է «Պեպո»-ն
Մշակույթ
09:40 15/02/2016
Հայաստան

Մայր թատրոնի վերանորոգված բեմում ներկայացվելու է «Պեպո»-ն

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ակտիվորեն ընթանում են վերանորոգման աշխատանքները: Նախատեսված է այս տարվա ընթացքում ավարտել վերանորոգումը: Panorama.am-ին տեղեկացրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը:

Նա ասաց, որ այս պահին թատրոնը մի քանի ներկայացման վրա է աշխատում՝  Գաբրիել Սունդուկյանի «Պեպո», Աղասի Այվազյանի «Պոլոզ Մուկուչ», Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»,  Հրաչ Բեգլարյանի «Արծվաբույն», որը ղարաբաղյան պատերազմի թեմայով է:

«Ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, արվում են փորձեր, դերասաններն ինտենսիվ աշխատում են, հրավիրված են ռեժիսորներ: Մեր ռեժիսորներն են: Վրացի ռեժիսորներն էլ կարող էինք հրավիրել,  բայց դրա կարիքը չկար.  խաղացանկն  այնպես է ընտրված, որ հիմնված է ազգային գրականության վրա, քանի որ մենք ունենք ազգային գրականություն, ազգային թատրոն բարձրացնելու խնդիր»,- ասաց Ա. Էլբակյանը:

Նրա կարծիքով, Հայաստանն աշխարհին կարող է ներկայանալ իր ազգային թատրոնով, գրականությամբ, ազգային թատերական խաղարկման կերպով. «Եթե ուշադիր նայենք մեր  Հայաստանին, կտեսնենք,  որ մի անծայրածիր անապատ, տափաստան չէ,  մի երկիր է, որտեղ շատ քարեր, սարեր, լեռներ կան: Յուրաքանչյուր քարի, սարի, լեռան հետևում մի գաղտնիք կա թաքնված: Կարծում եմ՝ մեր թատերական արվեստն էլ այդ տեսակ պետք է լինի, ինչպիսին որ մեր երկիրն է»:

Ա. Էլբակյանի խոսքով, թատրոնի վերանորոգված բեմում առաջին ներկայացումը կլինի «Պեպոն»: Ներկայացման ռեժիսորը հենց Ա.Էլբակյանն է:

Հիշեցնենք, որ 2014-ի  նոյեմբերին կառավարությունը որոշում էր ընդունել արտոնյալ պայմաններով 7 միլիոն եվրոյի վարկ վերցնել ավստրիական «Էրստե» բանկից՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերանորոգելու համար: ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական Վաագներ-Բիրո կոնսորցիումի միջև նախատեսվում էր կնքել 7 մլն եվրոյի ապրանքի և ծառայության մատուցման պայմանագիր 23 տարի մարման ժամկետով: Վերանորոգման աշխատանքները սկսվել են 2015-ի վերջից: Մինչ թատրոնում ընթանում են վերանորոգման աշխատանքներ, թատրոնի բեմադրությունները ներկայացվում են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:

Placeholder
Մայր թատրոնի վերանորոգված բեմում ներկայացվելու է «Պեպո»-ն