Թևան Պողոսյանի համար Սերժ Սարգսյանի ելույթում երկու նորություն կար
Քաղաքական
13:15 16/02/2016

Թևան Պողոսյանի համար Սերժ Սարգսյանի ելույթում երկու նորություն կար


«Ինձ համար ՀՀ նախագահի ելույթը  նման է մի զենքի, որ ես կվերցնեմ ձեռքս ու կփորձեմ ամեն անգամ հիշեցնել տարբեր քննարկումներում, հարաբերություններում, մոտեցումները առաջ տանելու ժամանակ»,-լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:

«Այն ուժերը, որոնք ունեն Հայաստանը բարեփոխելու տեսլական, պետք է հասկանան, թե ինչպես կարող են օգտագործել այդ ելույթում ասած մտքերը, խոսքերը, մոտեցումներն իրենց տեսլականներն առաջ տանելու համար»,-ասաց Պողոսյանը:

Պատգամավորը վստահեցրեց, եթե ՀՀ նախագահի կուսակիցները կամ պետական կառույցները ցուցաբերեն նույն  վարքագիծը, ապա երկրի ղեկավարի ելույթը կլինի լավագույն հղման կետը:

«Ինձ համար ելույթում երկու նորություն կար, առաջինը, որ խորքային իմաստով նշվում էր նույն թիմակիցներին, որ բավ է արդեն ամեն ինչ բարձրացնել վերև, ասել, թե վերևում ամեն ինչ որոշված է, դրա համար մենք չենք կարող որևէ զիջման գնալ: Եթե գիտակցում եք, որ մի բան պետք է փոխվի, ապա վերցրեք պատասխանատվությունը ձեր վրա և փոխեք»,-ասաց բանախոսը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ելույթի երկրորդ նորությանը, Պողոսյանը նշեց, որ առաջին անգամ ասվեց, պետք է գիտակցություն ձևավորել, «ըստ որի հայրենիքը սիրում են ոչ միայն հանրապետականները, այլ նաև այլ քաղաքական ուժեր, միգուցե մի քիչ այլ մոտեցումներով ու նրանք էլ ունեն փայլուն մասնագետներ ու մարդիկ»:

«Այն համակարգը, որտեղ Հանրապետական կուսակցությունը փորձում էր իր տեսլականներն առաջ տանել, այլևս չի աշխատի: Միգուցե սրանով առաջին կոչն է գալիս, որ համակարգային փոփոխություններ իրականացնելու համար պետք է ընդլայնել ինչպես մարդկային ռեսուրսների, այնպես էլ մոտեցումների խնդիրը»,-ասաց պատգամավորը:

Placeholder
Թևան Պողոսյանի համար Սերժ Սարգսյանի ելույթում երկու նորություն կար