Իրանցիները հետաքրքրված են Հայաստանում բժշկական կենտրոն ստեղծելու նախաձեռնությամբ
Տնտեսություն
13:00 16/02/2016
Հայաստան

Իրանցիները հետաքրքրված են Հայաստանում բժշկական կենտրոն ստեղծելու նախաձեռնությամբ

Իրանը հետաքրքրված է Հայաստանի հետ առողջապահության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է  Իրանի առողջապահության նախարարի տեղակալի Ռասոուլ Դինարվանդին ՀՀ առողջապահության նախարարի հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ իրանական մասնավոր հատվածը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու, մասնավորապես` բժշկական կենտրոն ստեղծելու նախաձեռնությամբ:

«Գոհունակություն եմ հայտնում առողջապահության բնագավառում երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամության համար: Մոտ երկու ամիս է անցել մեր պատվիրակության Իրան կատարած այցից, որը թույլ տվեց ամրապնդել երկկողմ գործընկերային կապերը և կնքել նոր համագործակցության համաձայնագիր՝ գործնական նոր հեռանկարներով»,- ըստ ՀՀ ԱՆ հաղորդագրության՝ ասել է նախարարը:

Համաձայնագրի շրջանակում երկու կողմերը ստեղծել են աշխատանքային խմբեր՝ առողջապահության նախարարների տեղակալների մակարդակով: Որպես համագործակցության լայն հնարավորություն ընձեռող ոլորտ առանձնացվել է  նաև դեղարտադրությունը:

Իրանցի փոխնախարարը հայտնել է, որ ցանկանում են առողջապահության ոլորտում օգտագործել բոլոր հնարավորություններն առավել  արդյունավետ համագործակցելու համար:

Փոխնախարարի գլխավորած պատվիրակությանը կայցելի նաև ՀՀ մարզեր, ինչպես նաև  հայաստանյան դեղարտադրող խոշոր կազմակերպություններ:

Նախարարությունից հիշեցնում են,  որ 2015թ. դեկտեմբերին Թեհրան կատարած այցի շրջանակում  ստորագրվել է «Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: 

Placeholder
Իրանցիները հետաքրքրված են Հայաստանում բժշկական կենտրոն ստեղծելու նախաձեռնությամբ