Լուսառատցիները պահանջում են վճարել մթերած խաղողի դիմաց
Տնտեսություն
17:03 16/02/2016
Հայաստան

Լուսառատցիները պահանջում են վճարել մթերած խաղողի դիմաց

Արարատի մարզի Լուսառատ համայնքի  խաղողագործ բնակիչներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում գյուղի կենտրոնում: Լուսառատցիները Panorama.am-ի հետ զրույցում բացատրեցին, որ վերամշակող ընկերությունները հրաժարվում են իրենց հետ պայմանագիր կնքել, իսկ աշնանը մթերված խաղողի գումարը դեռ շատերը չեն ստացել:

Նրանք սպառնում են, եթե բարձրացրած հարցերին շուտափույթ լուծում չտրվի՝ փակելու են Երևան-Արարատ ճանապարհը, ինչպես արել են նախկինում:

«Այգավանի գործարանի ներկայացուցիչը եկել է գյուղ,  հայտարարել, որ այս տարի պայմանագիր են կնքելու մեկ հեկտարից ավել այգի ունեցողների հետ:  Գյուղում բազմաթիվ մարդիկ կան, որոնց այգին 7-8 հազար քմ է, բա նրանք ի՞նչ անեն»,-ասաց գյուղացիներից մեկը:
Մյուսն էլ դժգոհեց, որ սրտի վիրահատություն է տարել, հետվիրահատական բուժում է հարկավոր, չի կարողանում Պռոշյանի գործարանից իր հասանելիք գումարը ստանա:

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ խնդրին տեղյակ է: Այս պահին նախարարի հանձնարարական կա, պայմանագրերի կնքման խնդիրն ուշադրության կենտրոնում է գտնվում:

«Դա վերաբերում է ոչ միայն խաղողի, այլև պտուղ-բանջարեղենի ու այլ մթերքների մթերման պայմանգրերին, որպեսզի գյուղացիները կարողնանա երաշխավորված իրացնեն իրենց արտադրանքը: Այդ առումով շատ հաջողված փորձ ունի Կոնյակի գործարանը»,-ասաց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է լուսառատցիներից մթերած խաղողի դիմաց վճարելուն, ապա Մակարյանի հաղորդած տվյալների համաձայն, գյուղացիներից հիմնականում մթերում իրականացրել է Պռոշյանի գործարանը, ինչպես նաև քիչ քանակությամբ Քաղցրաշենի գործարանը:
«Պռոշյանի գործարանը Արմավիրում, Արարատում, Վայոց Ձորում մեծ ծավալներով մթերում է իրականացրել, վճարումներն անընդհատ անում է: Որոշակի պարտքեր ունի, դա պայմանավորված է ֆինանսական դժվարություններով, սակայն պարտքերի մոտ 70 տոկոսը վճարել են: Հենց արտադրանքն իրացնում են, ստացած գումարն առաջին հերթին ուղղում են պարտքերի մարմնաը, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքները սկսելու համար գյուղացիները գումար ունենան»,-ասաց Մակարյանը:

Քաղցրաշենի գործարանի տնօրենն էլ գյուղնախարարության պաշտոնյային հավաստիացրել է, որ մարտի մեկից սկսած կարճ ժամանակում կմարի պարտքերը:

Նախարարությունն այս պահին քայլեր է ձեռնարկում, որպեսզի վերամշակողները կարողանան  իրացնել պատրաստի արտադրանքը:

«Օրինակ, այս պահին  նախարարը պաշտոնական այցով գտնվում է Հնդկաստանում: Այցի հիմնական նպատակը գինեգործական արտադրանք ներկրողների հետ հանդիպումն է,  հայկական գինու և կոնյակի առաջ մղումը հնդկական շուկայում: Որոշ ժամանակ անց նաև հնդկական կողմը կժամանի Հայաստան, կհանդիպեն  գործարարների հետ: Եթե փոխշահավետ համագործակցությունը ստացվի, ապա իրացման խնդիրն ինչ-որ չափով կլուծվի»,-ասաց Մակարյանը:
 

Placeholder
Լուսառատցիները պահանջում են վճարել մթերած խաղողի դիմաց