Շատ ավելի հետաքրքիր բաներ կան, քան պետական մրցանակի հետևից ընկնելը. Ռուբեն Բաբայան
Քաղաքական
09:16 17/02/2016
Հայաստան

Շատ ավելի հետաքրքիր բաներ կան, քան պետական մրցանակի հետևից ընկնելը. Ռուբեն Բաբայան

«Ինձ համար արվեստում մրցակցությունն անհասկանալի բան է: Ինձ համար արվեստում մի բան կա՝ որքանով է արդիական այն, ինչ ասում ես, ինչ բարոյական չափանիշների վրա հենվելով ես այդ բանն ասում, որքանով է դա հոգեհարազատ մարդկանց, որոնք նայում են և որքանով է վարակում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են թատրոնները պասիվ և Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի համար հայտեր չեն ներկայացնում:

 Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները հիմնվել են  2002 թվականին: Այս տարիների ընթացքում թատերարվեստի ոլորտը միայն մեկ անգամ է պետական մրցանակի արժանացել` 2011 թվականին Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Հուլիոս Կեսար» ներկայացման համար, բեմադրությունը՝ Արմեն Խանդիկյանի: Թատերագետ, թատերական ոլորտին տրվող պետական մրցանակի հանձնաժողովի անդամ Արա Խզմալյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ միջավայրի ակտիվության խնդիր կա,  ստեղծագործողները պասիվ են,  հայտեր չեն ներկայացնում:

Ա.Էլբակյանի խոսքով, իրեն հայտնի չէ, թե հանձնաժողովն ինչ չափորոշիչներով է որոշում՝ ինչն է արժանի մրցանակի, ինչը՝ ոչ. «Կային ներկայացումներ, որոնք կարող էին ստանալ մրցանակ ու չեն ստացել: Այլ ոլորտների հետ կապված ասեմ՝ եղել են բաներ, որոնք մրցանակի են արժանացել, բայց, իմ պատկերացումով, կարող էին և չստանալ: Նայած այդ հանձնաժողովն ինչ աստիճանի ազնվությամբ է նայում այդ հարցերին, ինչ չափորոշիչներով է  ընտրություն կատարում»:

Նա հիշեց, որ կար մի շրջան, երբ թատրոնն ու կինոն նույն անվանակարգով էին ներկայացված. «Չեն կարող միասին լինել: Նույն տեղից են սնվում այդ արվեստները, բայց տարբեր արվեստներ են: Ճիշտ որոշում են ընդունել, որ  հետո առանձնացրել են այդ ոլորտները»:

Երևանի Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի դիտարկմամբ, գուցե մարդիկ չեն ուզում որևէ գործ ներկայացնել. «Ես ունեցել եմ բեմադրություն, ներկայացրել եմ: 2015-ին չեմ ներկայացրել: Այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Փարիզյան դառավճիռ» բեմադրությունը ներկայացրել եմ Նախագահի մրցանակի»:

Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանի խոսքով, շատ ավելի հետաքրքիր բաներ կան, քան պետական մրցանակի հետևից ընկնելը. «Անձամբ ես որևէ ցանկություն չունեմ մասնակցել մրցույթների: Ստեղծագործողները պետք է քիչ մտածեն  մրցանակների մասին, այլ պետք է մտածեն նոր արժեքավոր գործերի մասին: Մենք պետք է բաժանենք արվեստագետի ֆունկցիաները, պետության ֆունկցիաները: Արվեստագետի ֆունկցիան գործ ստեղծելն է և այլևս չհետաքրքրվել այդ գործի ճակատագրով՝ կստանա՞ մրցանակ, թե՞ ոչ: Պետք է մտածի մյուս գործի մասին, որ լինի ավելի հետաքրքիր, նորովի: Գործի գնահատականն արդեն արվեստագետի գործը չէ, այլ կառույցների գործ է: Ցավոք, մեզ մոտ արվեստագետները գործեր են ստեղծում,  հետո  սկսում են զբաղվել այդ գործերի համապատասխան գնահատական կամ մուրալով, կամ պահանջելով, կամ սարքելով: Դա ավելորդ է, մեր գործը չէ: Մեր գործը սեփական անձին և նրանց, ովքեր կդիտեն քո գործը, հոգևոր բավականություն պատճառելն է: Ստացվում է  դա, դրանից ավելի բարձր գնահատական չկա իսկական արվեստագետի համար: Չի ստացվում… դե  միշտ չէ, որ ստացվում է:  Եթե որևէ մեկն իմանար դեղատոմսը, թե ինչպես կարելի է  ստեղծել այնպիսի  արվեստի գործ, որն արժանի լիներ շեդվեր կոչվելուն, շեդեվրները հերթով, ամեն շաբաթ կգային: Որևէ մեկն այդ դեղատոմսը չգիտի, չունի: Դա լավ է: Ինչ որ բան պետք է գաղտնիք մնա: Այն, ինչպես ստեղծվում է  արվեստի գործը, գաղտնիք է հենց առաջին հերթին արվեստագետի համար:
Գնահատականը երկրորդական հարց է, ավելի շատ վերաբերվում է գնահատական տվողին և ոչ թե գնահատական ստացողին»:

Placeholder