Ռ. Բաբայան. Արվեստի հաշվին լավություն անելն ամենահեշտ գործն է
Մշակույթ
12:06 19/02/2016
Հայաստան

Ռ. Բաբայան. Արվեստի հաշվին լավություն անելն ամենահեշտ գործն է

«Մեր նման երկրներում մշակույթի նախարարության դերը չափազանցված է: Մշակույթի նախարարությունը չպետք է զբաղվի կազմակերպչական գործերով, այլ ստրատեգիական հարցերով՝  մշակի օրենքներ, ունենա փորձագետների խումբ, որը կարողանա վերլուծել իրավիճակը, առաջարկի ճիշտ որոշումներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Նա ընդգծեց, որ թատերական ոլորտում գործող մեխանիզմներն ահավոր ժանգոտած են, եկել են անցյալ դարից, չեն փոփոխվել, թատրոնի նման դինամիկ արվեստն ապրում է հին օրենքներով:

«Կարծում եմ՝ ինչքան շատ մշակույթի նախարարությունը պահպանի վատ իմաստով գերատեսչության դերը,  խառնվի տարբեր հարցերի, այնքան ավելի շատ դեմ կառնենք նման վիճակների: Կան հարցեր, որոնք ոչ թե պետք է լուծել մշակույթի նախարարության մակարդակով, այլ մարդիկ, ովքեր ղեկավարում են թատրոնները: Արվեստի հաշվին լավություն անելը ամենահեշտ գործն է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է թատրոնի մասին օրենքին, Ռ. Բաբայանն ասաց, որ տասը տարուց ավելի է այն գրվում է:

«Այն տարբերակը, որ ես տեսել եմ, անիմաստ գրություն էր, զուտ դեկլարատիվ: Օրենքը կոչված է ներկայացնել մեխանիզմներ: Այդ տարբերակն այդ մեխանզմները չի ներկայացնում, իսկ պարզապես դեկլարացիան որևէ մեկին պետք չէ»,- ասաց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Ըստ Ռ. Բաբայանի, մշակույթը հիմնականում պետք է հովանավորվի հովանավորների կողմից, ոչ թե պետության, բիզնեսն ու մշակույթը պետք է կապել իրար հետ:

Placeholder
Ռ. Բաբայան. Արվեստի հաշվին լավություն անելն ամենահեշտ գործն է