Բրիտանական ֆիլմերի փառատոնը մեկնարկել է Երևանում
Մշակույթ
18:45 20/02/2016
Հայաստան

Բրիտանական ֆիլմերի փառատոնը մեկնարկել է Երևանում

Բրիտանական Ֆիլմերի 14-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել այսօր «Մոսկվա» կինոթատրոնում։ Փառատոնն այս տարի կրում է  «Լավագույնը Բրիտանիայից» խորագիրը:  Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և ՀՀ Մշակույթի նախարարությունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline–ը Հայաստանում: Այս մասին հայտնում են «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Բացման  արարողությանը մասնակցել են՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը,   ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և  Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը:

Փառատոնը մեկնարկել է ռեժիսոր Նիկոլաս Հայթների «Լեդին ֆուրգոնում» ֆիլմով։ Ֆիլմը պատմում է մեծանուն գրող Ալան Բեննեթթի և միսս Շեփերդի սիրո մասին։ Միսս Շեփերդի դերակատարը օսկարակիր դերասանուհի Մեգի Սմիթն է:

«Beeline–ը ողջունում և կարևորում է այն ծրագրերի իրականացումը, որոնք օգնում են  մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը:  Մենք ուրախ ենք, որ փառատոնը դարձել է սիրված ու սպասված իրադարձություն հայաստանյան մշակութային կյանքում: Ես ինքս հաճախ այցելում եմ և դիտում այդ ֆիլմերը և տարեցտարի ականատես եմ լինում երիտասարդների  ներգրավվածության աճին և դրական փոփոխություններին։ Վստահ եմ, որ մեր աջակցությամբ ցուցադրվելիք բրիտանական լավագույն ֆիլմերը կոգեշնչեն հանդիսատեսին՝ պարգևելով միմիայն դրական լիցքեր և բարձր տրամադրություն»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Մենք անչափ ուրախ ենք մեր հանդիսատեսին ներկայացնել բրիտանական լավագույն ֆիլմերը, որոնք հեղինակավոր կինոփառատոներին արժանացել են մրցանակների և կինոքննադատների կողմից ստացել բարձր գնահատականներ: Հուսով ենք, որ այս մեկ շաբաթը մեր հանդիսատեսի համար կդառնա բրիտանական կինոարվեստի գնահատման և նշանավորման օրեր»-ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը:

Փառատոնի շրջանակում մայրաքաղաքում և մարզերում կցուցադրվի յոթ ֆիլմ։  Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 20-ից  26-ը Մոսկվա կինոթատրոնում` յուրաքանչյուր օր երեք անգամ։ Փառատոնը մարզերում այս տարի կընդգրկի Ապարան, Դիլիջան և Ալավերդի քաղաքները: Մուտքն ազատ է բոլոր ֆիլմերի համար։ 

Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ`  այցելելով www.britishcouncil.am կայք։

Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Շողակաթ, Շանթ, Կենտրոն, Երկիր Մեդիա և Հ3 հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երևան FM 101.9-ը և AutoRadio FM 89.7-ը, Կինոաշխարհ կայքը և Սիվիլնեթը:
 

Placeholder
Բրիտանական ֆիլմերի փառատոնը մեկնարկել է Երևանում