Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստագետ Ռուբեն Բաբայան
Մշակույթ
09:35 22/02/2016
Հայաստան

Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստագետ Ռուբեն Բաբայան

««Հին Երևան» նախագծին վերաբերմունքս շատ բացասական է: Պատմությունը կոնկրետ կապ ունի տեղի հետ, բոլոր շենքերը շատ կարևոր են իրենց տեղում: Երբ դու տեղափոխում ես, դու դրանով որոշակի խաբկանք ես ստեղծում. կարծես թե դու պահպանում ես նախկինը, բայց իրականում ամեն մի կառույցը հետաքրքիր է այնքանով, ինչքանով այն այդ շրջապատի մեջ է:

Եթե մենք օպերային թատրոնը տեղափոխենք Մալաթիա, դա չի նշանակում, որ կպահպենք այդ շենքը: Այն հետաքրքիր է իր շրջապատում, մթնոլորտում, որտեղ մտածված է:

Եթե այդ նախագիծը հենց ի սկզբանե հանդիպեր մեծ դիմադրության, միգուցե մեզ կհաջողվեր պահպանել այն հին Երևանն իր տեղում, որն այսօր, ցավոք սրտի, կորցրել ենք: Ես դեմ եմ բուտաֆորիայի, երբ որ արհեստականորեն են ստեղծում ինչ-որ մի բան: Ինչ-որ տեղ կառուցվում է շենք,  ժամանակի ընթացքում այն ձեռք է բերում որոշակի արժեք՝ կապված հենց այդ տեղի հետ:

Երևան հյուրանոցի մոտ կար ամառային սրճարան՝ այսպես ասած հայկական ռոտոնդան: Դա արժեք էր, որովհետև այնտեղ հավաքվում էին մեր ազգի մեծերը՝ Լևոն Ներսիսյան, Երվանդ Քոչար, Մինաս և ուրիշներ: Հիմա ապակիով փակել են: Վերջացավ: Կորավ այն:

Փարիզում կա Ռոտոնդա սրճարան, որտեղ հավաքվում էին Պիկասոն, Մոդիլիանին, Երվանդ Քոչարը և  այլ հայտնի մարդիկ: Այդ սրճարանը 100 տարուց ավելի է նույն ձևով պահպանված է, քանի որ դրա արժեքը հենց դրա մեջ է: 

Այսօր խոսք է գնում՝ այս մի շենքը ճարտարապետական արժեք ունի, այս մեկը չունի: Իսկ պատմակա՞ն արժեքը:

Քաղաքը միայն ճարտարապետություն չէ, քաղաքն ընդհանուր  մթնոլորտն է, պատմություն է, իսկ մենք փորձում ենք այդ ամենը ներկայացնել՝ սա ունի մշակութային արժեք, սա չունի: Սա օտարի մոտեցում է:
Միայն  օտարը կարող է այսպես մոտենալ այս քաղաքին»:
 

Placeholder
Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստագետ Ռուբեն Բաբայան