The Huffington Post.  «Քրդերը և ռուսները վերաձևում են սիրիական քաղաքացիական պատերազմը»
Քաղաքական
17:19 23/02/2016

The Huffington Post. «Քրդերը և ռուսները վերաձևում են սիրիական քաղաքացիական պատերազմը»

Ռուսական զինուժի կողմից Սիրիայի քրդերին  ցուցաբերվող օգնությունը, նոր իրավիճակ է առաջ բերում Սիրիայում: Այս մասին The Huffington Post պարբերականում գրում է  սյունակագիր Ջոզեֆ Միքալեֆը:

Հոդվածագրի դիտարկմամբ, սիրիական բանակը և քրդերի ինքնապաշտպանական ջոկատները համատեղ ռազմական գործողությունների արդյունքում ակտիվորեն առաջ են շարժվում դեպի թուրք-սիրիական սահման, ինչը Թուրքիայի համար, ըստ հոդվածագրի, մահացու նշանակություն կարող է ունենալ, քանի որ սահմանն անցնելուց հետո քրդերը կարող են միավորման գործընթացում ներառել նաև Թուրքիայում ապրող քրդերին:

Սիրիական քաղաքացիական պատերազմում Թուրքիայի գլխավոր նպատակը հոդվածագիրը համարում է Սիրիայում քրդական ինքնավարության ստեղծումը թույլ չտալը, այնուհետև Ասադին տապալելը և Սիրիայում սունիական իշխանության հաստատումը:

Սակայն, հոդվածագիրը նկատում է, որ Թուրքիան իր այս նպատակների իրագործման հարցում լուրջ դժվարությունների է հանդիպում, և եթե հանկարծ Անկարան որոշում կայացնի ներխուժել Սիրիա, ապա կկանգնի Ռուսաստանի հետ պատերազմի եզրին: Մյուս կողմից էլ, ըստ հեղինակի, Թուրքիայի երկդիմի քաղաքականությունը ԻՊ-ի հետ և ամեն գնով քրդերի դեմ պայքարելու միտվածությունը լուրջ հակասություններ են առաջ բերել նաև ԱՄՆ-ի հետ Անկարայի հարաբերություններում:

«Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հիմնահատակ խարխլվել է և Թուրքիան էլ սունիական աշխարհի կենտրոն դարձնելու Էրդողանի փորձերը ձախողվել են»,- գրում է հոդվածագիրը:

Վերջինս տեղեկություններ է ներկայացնում այն մասին, որ Սիրիայում գտնվող ամերիկյան հատուկ ծառայությունները լավ տեղեկացված են ԻՊ-ին Թուրքիայի կողմից տրվող օժանդակության մասին:

Հոդվածագրի դիտարկմամբ, Վաշինգթոնում նաև լավ հասկանում են, որ թուրք-քրդական հակամարտության շարունակությունը, ինչին ձգտում է Անկարան, հղի է ԻՊ-ի դեմ պայքարի տապալման վտանգով, հետևաբար, ըստ հոդվածագրի, ԱՄՆ-ն, հատկապես սիրիական ընդդիմության հարցում հիասթափությունից հետո, ԻՊ-ի դեմ պայքարում կենտրոնացել է քրդերի հետ դաշնակցության անհրաժեշտության վրա:

Մյուս կողմից, հեղինակը նկատում է, որ այդուհանդերձ Սիրիայում իրավիճակը բարդանում է, քանի որ Վաշինգթոնը նաև զգում է Անկարայի կարիքը առաջին հերթին Ինջիրլիքի ռազմաբազայի մասով:

Ամփոփելով, հեղինակը հավելում է, որ այս ամենի արդյունքում ԱՄՆ- համար ոչ շահեկան իրավիճակ է առաջացել:

Placeholder
The Huffington Post. «Քրդերը և ռուսները վերաձևում են սիրիական քաղաքացիական պատերազմը»