Դրամը  համեմատաբար  ավելի կայունություն է դրսևորում, քան մյուս արժույթները. տնտեսագետ
Տնտեսություն
14:32 24/02/2016
Հայաստան

Դրամը համեմատաբար ավելի կայունություն է դրսևորում, քան մյուս արժույթները. տնտեսագետ

«Փոխարժեքի տատանումները տնտեսության վրա երկակի ազդեցություն ունեն. մի կողմից դրամի արժևորումը արտահանման առումով հանգեցնում է որոշակի խնդիրների, մյուս կողմից՝  դրա կտրուկ արժեզրկումը բերում է  բնակչության եկամուտների կորստի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսական գիտությունների թեկնածու Կառլեն Խաչատրյանը:

Նրա խոսքերով՝ վերջին երկու տարիներին դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 20-21 տոկոսով և եթե համեմատում ենք տարածաշրջանի այլ երկրների հետ, ապա, ըստ տնտեսագետի, մեր երկիրը գտնվում է շահեկան դիրքերում:

«Օրինակ՝ Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում ազգային արժույթները դոլարի նկատմամբ կրկնակի արժեզրկվել են, Ուկրաինայում գրիվնյան արժեզրկվել է 200 տոկոսով,  Ադրբեջանում նույնպես վերջին երկու տարվա ընթացքում մանաթը կտրում արժեզրկվել է՝ շուրջ 105 տոկոսով: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա վրացական լարին էլ դոլարի նկատմամբ  արժեզրկվել է 40-43 տոկոսով  և այս ցուցանիշների ֆոնին՝ հայկական դրամի արժեզրկումը դոլարի համեմատ շատ ավելի փոքր է»,- ասաց տնտեսագետը: 

Ըստ Կառլեն Խաչատրյանի՝  եթե այս բոլոր ցուցանիշները համադրեն, ապա ստացվում է, որ Հայաստանի ազզային արժույթը արժեզրկման տեսանկյունից  համեմատար ավելի կայունություն է դրսևորում, քան մյուս արժույթները:

«Սա պայմանավորված է մի քանի հանգամանքով: Մասնավորապես` ՀՀ կենտրոնական բանկի կողմից վարվող լողացող փոխարժեքի քաղաքականությամբ, ինչը ենթադրում է, որ ազգային արժույթի փոխարժեքը որոշվում է առավելապես դրա առաջարկի և պահանջարկի հարաբերակցությամբ»,- նշեց Կառլեն Խաչատրյանը՝ հավելելով, որ 2015 թ-ին արտահանման ծավալները որոշակի աճ են արձանագրել, ինչը դոլարային մուտքեր է  ապահովել երկիր և փաստորեն դոլարի առաջարկը տնտեսությունում  մեծացել է:

Միաժամանակ նշեց, որ հաշվի առնելով որոշակի գնողունակության խնդիրները, սպառման ծավալների կրճատումը, 2015թ-ին կրճատվել են ներմուծման ծավալները, իսկ դա ուղղակիորեն բերում է նրան, որ դոլարի նկատմամբ պահանջարկը համեմատաբար ավելի քիչ է լինում: Բացի այդ, ըստ նրա, 2015թ-ին արձանագրվել է օտարերկյա ներդրումների մոտ 17% -ի աճ, ինչը նույնպես դոլարային մուտքեր է ապահովել մեր երկիր:

«Այս գործոններն են պատճառը, որ Հայաստանում դոլարը մեծ չափով չի արժևորվել դրամի նկատմամբ, մինչդեռ կտրուկ արժեզրկումը կբերեր բնակչության իրական եկամուտների կրճատման, ինչն էլ կհանգեցներ սոցիալական լուրջ խնդիրների»,- ասաց Կառլեն Խաչատրյանը:

Placeholder
Դրամը համեմատաբար ավելի կայունություն է դրսևորում, քան մյուս արժույթները. տնտեսագետ