Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Պարոն Թաթոյանին տված 96 կողմ ձայները ամբողջ քաղաքական դաշտի ներկապնակի վստահության քվեն է, որովհետև գրեթե բոլոր խմբակցություններից մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի փակ, գաղտնի ընտրություններին», -այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում նոր Օմբուդսմենին աշխատակազմին ներկայացնելիս հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ, ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Թաթոյանի ներկայացմանը մասնակցում էր նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Թաթոյանն ի պատասխան նկատեց, որ օրենքով ընձեռված հնարավորությունների շրջանակում կփորձեն «պատվով կատարել բոլոր խնդիրները»:
«Օմբուդսմենի աշխատանքը չի կարող պայմանավորված լինել ինչ-որ քաղաքական գործոններով», -պաշտոնական ներկայացումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նոր Օմբուդսմենը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Թաթոյանը պատրաստվո՞ւմ է փոխել աշխատակազմը, նա պատասխանեց, որ այս պահին կա ձևավորված թիմ և աշխատելու են թիմի հետ միասին:
Լրագրողները այսօր ևս Օմբուդսմենից հարցրին, թե ե՞րբ է այցելելու կալանավորված ընդդիմադիր ակտիվիստներ Գևորգ Սաֆարյանին ու Վարդգես Գասպարիին, նա նույն պատասխանը տվեց՝ նշելով, որ ինքը չի ուսումնասիրել նշված անձանց գործերի բոլոր հանգամանքները:
«Նոր եմ, առաջին օրն է, բարձրանամ, տեսնեմ՝ ինչ ենք անում, ինչից ենք սկսում: Շատ հարցեր կան լուծելու», -հավելեց Պաշտպանը:
Դիտարկմանը, թե Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ քննարկումների ժամանակ հայտարարվում էր, թե Հայաստանում չկա լիարժեք պաշտպան, կա կիսապաշտպան, Արման Թաթոյանը արձագանքեց.
«Շատ եմ խնդրում կիսապաշտպան արտահայտությունը մի արեք, դա պաշտպանի դիրքերից չի բխում և չի օգնում հեղինակությանը, համաձայն չեմ նման արտահայտությունների հետ: Մարդու իրավունքների բոլոր պաշտպանները, բոլորն էլ կատարել են իրենց պարտականությունները, և լիազորությունները առանձնահատուկ են, կան բարդություններ, բայց դրանք հաղթահարելի են»: