Կարծում եմ՝ կխուսափենք գազի գնի բարձրացումից. Ռոբերտ Նազարյան
Տնտեսություն
17:23 25/02/2016

Կարծում եմ՝ կխուսափենք գազի գնի բարձրացումից. Ռոբերտ Նազարյան


Հայաստանի և ռուսական կողմի միջև դեռ բանակցություններ են ընթանում սահմանի վրա գազի սակագնի վերաբերյալ:  Այդ մասին այսօր Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց Ռոբերտ Նազարյանը՝ պատասխանելով պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվում էր, թե արդյոք ճի՞շտ են տարբեր տեղեկություններն այն մասին, որ գազի, էլէներգիայի և ջրի սակագները կբարձրանան:

«Դրանից հետո միայն կկարողանանք հստակեցնել ամեն ինչ: Չշտապեմ լավատեսությունս հայտնել, բայց կարծում եմ, որ երևի թե կխուսափենք գազի սակագնի բարձրացումից», -հավելեց Նազարյանը:

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հարցին, Նազարյանը նկատեց, որ այդ մասին դեռ վաղ է որևէ կանխատեսում անել և դրա պատճառները մի քանիսն են.

«Նախ մենք այսօր չունենք էլեկտրաէներգետիկական համակարգի հաշվեկշիռը, որը իր սովորական բնույթից տարբերվելու է, քանի որ ատոմակայանը կանգնելու է ոչ միայն իր նորմատիվային 45 օր կանգառը, այլ նաև ևս երեք ամիս: Հետո՝ գարնանը արդեն պարզ կլինի, թե մեր ջրամբարների վիճակն ինչպիսին կլինեն և մեր հիդրոլեկտրակայանները ինչպիսի քանակությամբ էլեկտրաէներգիա կկարողանան արտադրել և վերջապես մյուս պատճառը՝ դրամ-դոլար փոխարժեքի հարցն է»:

Ինչ վերաբերում է ջրի սակագնի մասին հարցին, Նազարյանը տեղեկացրեց, որ կառավարությունը շուտով մրցույթ է հայտարարելու, ինչի արդյունքում ջրի բոլոր օպերատորները կմիավորվեն մեկ կառավարչի ներքո՝ 15 տարի կառավարման պայմանով:

«Կարևորագույն պայմաններից մեկը, որ մենք առաջ ենք քաշելու օպերատորների առաջ, դա այն է, թե որ ընկերությունն է պարտավորվում ավելի ցածր սակագնի առաջարկել», -հավելեց ՀԾԿՀ նախագահը:

Placeholder
Կարծում եմ՝ կխուսափենք գազի գնի բարձրացումից. Ռոբերտ Նազարյան