Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյան
Մշակույթ
09:17 25/02/2016

Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյան

«Յուրաքանչյուր ժամանակահատվածում լինում են խնդիրներ: Դրանք, իհարկե, պետք է լուծել, սակայն հարգանքով մոտենալով անցյալին, իսկ այսօր, բիզնես ծրագրերից ելնելով, հաճախ  հաշվի չեն անում մեր անցածից ստացած ժառանգությունը և քանդում են:

Անհնարին բան է, «Հին Երևան» նախագծով չի կարող վերստեղծվել մեր հին Երևանի միջավայրը: Անկախ նրանից, այդ շենքերը կառուցելու են հին շենքերի բեկորներից, թե հնի անվան տակ նորն են տաշելու, դնելու, չի կարող ստեղծել հին Երևանի միջավայրը: Այն վերածվելու է մի ամբողջ կառույցի՝ մի ընդհանուր կտուրով, նեղ փողոցներով: Մտնելով այդ շենքերի մեջ՝ մարդ չի կարող իրեն զգալ հին Երևանում:

Երևանում դեռևս կան որոշակի տեղեր, օրինակ՝ Հանրապետություն փողոցի հետևի մասում, որտեղ կարելի է վերականգնել, ստեղծել հին Երևանի միջավայր:

Այն շենքերը, որոնք կային, պետք է մնային իրենց տեղերում՝ իրենց բակերով, իրենց կանաչի մեջ: Կլիներ հինգ տուն, տասը, թե տասնհինգ, դա կարող էր լինել ավելի լավ հին Երևան: Այստեղ հարցն այն է, որ դա կարող էր եկամտաբեր չլիներ, իսկ այսպես ստեղծում են մի ամբողջ առևտրի կենտրոն, որը կարող է մեծ եկամուտներ բերել»:

ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 6-ի 1227-Ա որոշման (Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին) 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին պատվիրակվել էր՝ ապահովել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում, «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը: «Հին Երևան» նախագծի հեղինակն ու  ճարտարապետը Լևոն Վարդանյանն է: Ծրագրում ընդգրկված է 30 հուշարձան: 2014-ին ՀՀ կառավարությունն ի դեմս ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսի լիազորված անձ Գևորգ Մաչանյանի, համաձայնագիր է ստորագրվել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Նախնական հաշվարկներով, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 120-150 միլիոն դոլար: Ծրագրի ավարտի վերջնաժամկետն է 5 տարի: Նշվում է, որ այս տարի արդեն  կսկսվեն լայնածավալ աշխատանքներ:

Placeholder